image

Վաճառքի հանուած է Գորիսի Առաջնորդարանի նախկին շէնքը

Վաճառքի հանուած է Գորիսի Առաջնորդարանի նախկին շէնքը

 

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Եոլեանը յայտարարած է, որ Գորիսի մէջ բացառիկ նշանակութիւն ունեցող պատմական շէնքերէն մէկը՝ ուսուցիչի տումը, Պետական գոյքի կառավարման կոմիտէն վաճառքի  հանած է։

Ուսուցիչի տունը կը դասուի  մշակութային այն արժէքներու շարքին, որոնք վաճառքի պէտք չէ հանուին՝ յայտարարած է Գորիսի պետական համալսարանի դասախօս, բանասէր Մհեր Քումունցը։

Ըստ անոր՝ նոյնն է, թէ վաճառքի հանեն Ակսել Բակունցի թանգարանը։

«Շատ վատ եմ վերաբերւում այդ գործընթացին։ Հաւանաբար, դա կը դարձնեն հիւրանոց։ Գորիսում էլ կան մարդիկ, որոնք կարող են գնել շէնքը, սակայն իրենք իրենց թոյլ չեն տայ նման բան անել։ Մենք կարծում ենք՝ գնորդ չի գտնուի։ Եթէ գտնուի, մտածում ենք՝  խնդրենք, որ չգնեն»,- նշած է ԳՊՀ դասախօսը։

Մհեր Քումունցը պատմած է, որ այդ կառոյցը Գորիսի առաջին շէնքերէն մէկն է. «Երբ Գորիսը որպէս գաւառական կեդրոն էր ձեւաւորուել, ունեցել է շատ քիչ շէնքեր. սա առաջին շէնքերից մէկն է։ Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տէր-Մովսիսեանն է այդտեղ ապրել։ Նա շատ կարեւոր անձնաւորութիւն էր, Թումանեանի մտերիմ մարդկանցից մէկն է եղել։ Նա է Գորիսի թատրոնի ստեղծողներից մէկը։ Այդ շէնքը պատմական է դառնում նաեւ դրանով։ Գիտեք, մենք առանձնապէս այդքան էլ շատ չունենք նման կառոյցներ։ Կրճատելը միշտ էլ կարող ենք, ափսոս է»։

Ան նշած է, որ լաւ կառուցուած շէնք է եւ կրնայ ծառայել որպէս Երկրագիտական թանգարան. «Մեր Երկրագիտական թանգարանը նկուղային մասում է, մի մասը չեն ցուցադրում՝ տեղ չլինելու պատճառով, մի մասն էլ գետնին է թափուած։ Եւ յետոյ էլ դա պատկանում է համայնքին։ Միշտ էլ բոլորի աչքն այդ շէնքի վրայ է եղել։ Մենք ի՞նչ մշակութային ժառանգութիւն պիտի թողնենք  սերունդներին։ Մարզերը մեր ազգային արժէքների հիմնական կրողն են։ Այդպիսով՝ մենք ջնջում ենք Գորիսի պատմութիւնը։ Բացի այդ էլ՝ շէնքի վրայ յուշատախտակ կայ փակցուած, որ այստեղ ապրել է արքեպիսկոպոս Տէր-Մովսիսեանը, այսինքն՝ յուշատախտակով շէնքը վաճառքի է հանւում։ Եկէք այդ հիմունքով էլ վաճառենք Չարենցի կամ Բակունցի տունը։ Խնդրում եմ՝ Երեւանի բոլոր պատմական շէնքերը թող վաճառեն, վերջում վաճառեն այս շէնքը։ Մտածում եմ՝ գուցէ մենք գումար հաւաքենք ու գնենք կառոյցը»։

NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրէն Վարդան Սարգսեան անդրադառնալով կառոյցի պատմութեան, պատմած է, որ այն եղած է զբօսաշրջութեան կեդրոն, յետոյ ուսուցչի տուն, եղած է նաեւ Սիւնեաց թեմի առաջնորդարան. «Խորհրդային տարիներին հարուստներից բռնագրաւել էին իրենց ունեցուածքը։ Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տէր-Մովսիսեանը նշանաւոր հոգեւորական է եղել, նրանց տոհմը յայտնի ազնուական տոհմ էր։ Երբ Գորիսը սկսել է ձեւաւորուել, Սիւնիքի տարբեր բնակավայրերից ազնուական մարդիկ եկել ու սկսել են կառուցել տներ, քաղաքն այդպիսով սկսել է կայանալ։ Պոլշեւիկեան շրջանում որպէս հարուստի տուն բռնագրաւել ու գործածել են տարբեր նպատակներով։ Եղել է զբօսաշրջութեան կեդրոն, յետոյ ուսուցչի տուն, Սիւնեաց թեմի առաջնորդարան է եղել»։

Վարդան Սարգսեանն ըսած է, որ շէնքը նախորդ դարու 90-ականներուն վերակառուցուած է, լաւ վիճակի մէջ կը գտնուի։

«Այս կառոյցի ճակատագրի նկատմամբ չպէտք է անտարբեր լինենք։ Կառավարութիւնից ակնկալում ենք, որ հաշուի նստի այդ շէնքի վերաբերեալ մեր կարծիքների հետ»,- նշած է ան։


Լուրը՝ NEWS.am-էն