image

Թրքական ապրանքներու Հայաստան մուտքը տեղի կ՚ունենայ այլ երկրի անուան տակ. Սուրէն Պարսեան

Թրքական ապրանքներու Հայաստան մուտքը տեղի կ՚ունենայ այլ  երկրի անուան տակ. Սուրէն Պարսեան

40 տարիէ աւելի հիւսուածեղէնի (թեքսթիլ) արտադրութեամբ զբաղող հայ գործարարներէն մէկուն հետ վերջերս առիթ ունեցայ զրուցելու հիւսուածեղէնի ոլորտին մէջ առկայ նոր դժուարութիւններուն մասին։ Այս մասին իր յօդուածին մէջ գրած է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւններու գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

Ստորեւ կը ներկայացնենք անոր յօդուածը.

«Առհասարակ, յաճախակի եմ հանդիպում տարբեր տնտեսվարողների՝ յատկապէս փոքր եւ միջին պիզնեսի (ձեռնարկատիրութեան) ներկայացուցիչների հետ, որոնց շահերը պաշտպանողներ չկան ո՛չ կառավարութիւնում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Յիշեցնեմ, որ 2021 թուականի հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարութիւնը որոշեց վեց ամսով (2021 թուականի յունուարի 1-ից) արգելել թուրքական ապրանքների ներկրումը, բացառութեամբ հումքի։ Դեռ այն ժամանակ ակնյայտ էր, որ գործող իշխանութիւնները այս որոշումը հապտշտապ էին ընդունել՝ ցուցադրելով իրենց կեղծ հայրենասիրութիւնն եւ փոփուլիզմը։ Մինչդեռ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից շատ չանցած՝ պաշտօնատար անձինք իրար հերթ չտալով սկսեցին յայտարարել թուրքական նաւահանգիստների մատչելիութեան, ապաշրջափակման օգուտների, թուրքական ապրանքների վերարտահանման թոյլտուութեան եւ նախկին որոշմանը հակասող այլ քայլերի մասին։ Երբ իշխող քաղաքական ուժը շարունակաբար ստում է իր ժողովրդին եւ Հայաստանի տնտեսութեան հնարաւոր զարգացումը կապում է միայն թուրք-ատրպէյճանական առեւտրատնտեսական յարաբերութիւնների հետ, տրամաբանական է, որ հայրենական արտադրողները չեն կարող վստահել այս իշխանութիւններին եւ չեն շտապի բացել թուրքական ապրանքներին փոխարինող նոր արտադրութիւններ։

Թեքսթիլ (հիւասուածեղէն) արտադրողներն իրենց հումքը (կտորը, թելերը եւ այլն) հիմնականում բերում են Թուրքիայից՝ հաշուի առնելով դրանց մատչելիութիւնը եւ որակը։ Չնայած թուրքական ընկերութիւնների հետ երկար տարիներ ձեւաւորուած կապերին եւ արգելքի բացակայութեանը՝ 2020 թուականի դեկտեմբերին իմ ծանօթ գործարարը փորձեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնից անհրաժեշտ կտոր բերել, սակայն իրանցի գործարարների առաջարկը գնի եւ որակի տեսանկիւնից յարմար չէր։ Ինչեւէ, նա շարունակեց Թուրքիայից կտորը բերել, բայց քանի որ կառավարութեան տնտեսական պլոքի ներկայացուցիչները կտրուած են պիզնեսից եւ իրականութիւնից, նրանք հաշուի չէին առել, որ թեքսթիլ արտադրութեան համար անհրաժեշտ է ոչ միայն կտոր, այլ նաեւ աքսեսուարներ՝ կոճակներ, շղթաներ, զարդեր եւ այլն, որոնց ներմուծումն արգելքի տակ է։ Իսկ այլ երկրներից միայն աքսեսուարներ ներկրելը ոչ միայն աշխատատար եւ ժամանակատար է, այլեւ կարող է ուղղակի չհամապատասխանել թուրքական կտորի հետ։ Արդիւնքում, մեր թեքսթիլ արտադրողներից շատերը պարտադրուած էին արգելքը շրջանցել՝ թուրքական աքսեսուարները ներկերելով այլ երկրների անուան տակ (օրինակ՝ Չինաստանի), իսկ պետական մարմինները, լաւ տեղեկացուած լինելով այդ մասին, աչք են փակում այս խնդրի վրայ։

Առաւել մտահոգիչ է այն, որ նոյնիսկ արգելքի պայմաններում թուրքական պատրաստի հագուստը շարունակուում է ներկրուել Հայաստան։ Եթէ յոյս կար, որ թուրքական հագուստի ներկրման արգելքի պայմաններում, լրացուցիչ պատուէրներ կ'ունենային տեղական հագուստ արտադրողները, ապա դա էլ արդէն իրատեսական չէ, քանի որ թուրքական հագուստ ներկրողները Թուրքիայում կամ Վրաստանում կտրում են պիտակները (made in Turkey), եւ այդ ապրանքները դարձեալ ներկրուում են Հայաստան այլ երկրների անուան տակ եւ ազատ վաճառուում տօնավաճառներում, մոլերում (հանրախանութ)։ Քիչ հաւանական է, որ լիազօր մարմինը չի նկատում պիտակների բացակայութիւնը. կարծում եմ՝ իրական պատճառը գործող իշխանութիւնների քաղաքական դիրքորոշման մէջ է. նրանք լաւ հասկանում են, որ այս կարճ ժամանակահատուածում չեն կարողացել ապահովել թուրքական ապրանքներին այլընտրանք։ Հետեւաբար, թուրքական ապրանքների ներկրման արգելքի խիստ իրականացման դէպքում՝ Հայաստանի ներքին շուկայում կ'առաջանայ որոշ ապրանքների տեֆիցիտ (պակաս) եւ գների աճ, ինչն էլ աւելի կը նուազեցնէր իշխող ուժի օրեցօր նուազող ռէյթինկը (վարկ)»։