Ապրլիլի 5-ին Իտալիայի Մեսսինայի համալսարանում տեղի ունեցավ իտալացի ու հայաստանյան հետազոտողներ, նույն համալսարանի ազգաբանության եւ մշակութային մարդաբանության պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկայի եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Արսեն Հակոբյանի համահեղինակած «Սիրիահայերը եւ թուրքական գործոնը. Քեսաբը, Հալեպը եւ Դեյր-էլ-Զորը սիրիական պատերազմում» ["Syrian Armenians and the Turkish Factor: Kessab, Aleppo and Deir ez-Zor in the Syrian War", Palgrave MacMillan 2021] գրքի շնորհանդեսը:
Այս գրքի շնորհանդեսն առաջինը տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ նախորդ տարի, իսկ այս անգամ այն ներկայացվեց իտալական գիտական հանրությանը:
Պատմաբան Սալավոտրե Սպեցիալեն, ներկայացնելով աշխատանքը, ընդգծեց, որ այն կամուրջ է ժամանակների, տարածքների ու գիտակարգերի միջեւ:
Ժամանակային առումով այստեղ միահյուսվում են անցյալն ու ներկան՝ Հայոց ցեղասպանությունը, սիրիական պատերազմն ու թուրքական ներխուժումը, իսկ տարածական իմաստով այն կապում է պատմական Հայաստանը, հայկական սփյուռքի տարբեր կենտրոններ եւ հատկապես՝ երեք քաղաքային տարածքներ՝ Հալեպը, Դեյր-Էլ-Զորը եւ Քեսաբը։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց պրոֆեսորը, գիրքը միջգիտակարգային ուսումնասիրությունների արդյունք է, ուր քաղաքական պատմությանը համադրվում է քաղաքային մարդաբանության հետ, կապում նաեւ աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, որոնց միջոցով համապարփակ ու խորությամբ վերլուծվում են առաջադրված թեմաները։ Նա ընդգծեց, որ աշխատանքի պատմագիտական մասը չափազանց կարեւոր է ժամանակակից գործընթացների հետագա ընթացքը հասկանալու համար ու այդ առումով այն հետազոտության կարեւոր չափում է՝ կարեւորելով հատկապես Հայոց ցեղասպանության պատմագրությունը ու անդրադառնալով թուրքական ժխտողականությանը:
Սոցիոլիոգ Ֆրանչեսկո Պիրան աշխատանքի մասին խոսեց հասարակության սոցիալական կազմակերպման ճգնաժամերի դիտանկյունից, թե ինչպե՛ս են ժամանակակից աշխարհում տարբեր գործընթացների հետեւանքով հասարակությունները դառնում խոցելի եւ մանիպուլացվում։ Այդ դիտանկյունից քննարկեց նաեւ ԶԼՄ-ի դերը կոնֆլիկտային իրավիճակներում:
Գրքի համահեղինակ Մարչելո Մոլլիկան անդրադարձավ պատերազմին, որպես բարդ սոցիալական երեւույթի, որն ունի իր ներքին ու արտաքին դինամիկան: Օրինակ բերվեց սիրիական հակամարտությունը, որը քաղաքացիական շարժումից վերածվեց քաղաքացիական, ապա էթնիկ-կրոնական պատերազմի, ապա ներգրավեց արտաքին խաղացողներ՝ Թուրքիա, Ռուսաստան, առաջ բերեց աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներ ու վերադիրքավորումներ: Այդ առումով, որպես նոր իրողություն, մատնանշեց կապը սիրիական, ղարաբաղյան եւ ուկրաինական պատերազմների միջեւ, թե ինչպես վերջինս կարող է խախտել Սիրիայում ու Ղարաբաղում ստեղծված փխրուն իրավիճակը:
Արսեն Հակոբյանն իր խոսքում անդրադարձավ պատերազմի անդրազգային չափումներին, նշելով, որ իրենց աշխատանքի վերջաբանն այդ առումով ամփոփում չէ, այլ ուրվագծում ու ընդգծում է կապը սիրիական ու ղարաբաղյան պատերազմների միջեւ՝ թուրքական գործոնի ներգրավմամբ, քանի որ գրքի շարադրանքի ավարտական փուլը համընկավ հենց ղարաբաղյան պատերազմի հետ: Նա նշեց սիրիահայ համայնքի ձեւավորման առանձնահատկություններն ու Ցեղասպանության հիշողության դերը, որն ունի նաեւ տարածական չափումներ, քանի որ ժամանակակից Սիրիայի տարածքում են Օսմանյան կայսրության ժամանակ հայերի մասսայական ոչնչացման վայերն ու ճամբարները, որոնք վերապրածների համար դարձան հիշատակության վայրեր, իսկ սիրիական պատերազմի ժամանակ, դրանք, ինպես օրինակ Դեյր-էլ-Զորի համալիրը թիրախավորվեց եւ ոչնչացվեց 2014 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, իսկ Ռաս ուլ Այնն էլ հայտնվեց թուրքական օկուպացիոն գոտում: Պատերազմի ընթացքում թուրքական գործոնը «նյութականացվեց»` դուրս գալով անցյալից եւ դառնալով ներկա իրողություն՝ Սիրիայում թուրքական երեք ռազամական գործողությունների միջոցով: