Փետրուարի 6-ին Ս. Ղեւոնդեանց քահանաների տօնի առիթով, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց Ս.Պատարագ:
Տօնի առիթով Մայր Աթոռում էին համախմբուել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ եւ տարբեր թեմերում ու կառոյցներում սպասաւորող 236 քահանաներ:
Պատարագիչն էր ՀՀ Զինուած Ուժերի Հոգեւոր Առաջնորդութեան սպասաւոր, գնդերեց Արժանապատիւ Տ. Սիմէոն քահանայ Մովսիսեանը:
Ս. Պատարագի ընթացքում Տ. Սիմէոն քահանան խօսեց Ս. Ղեւոնդեանց տօնի խորհրդի ու նշանակութեան մասին` ի մասնաւորի նշելով. «Հարիւրամեակներ առաջ մեր սուրբ նախնիների գործած սխրանքը, ինչպէս պատմութեան ողջ ընթացքին, նոյնպէս եւ այսօր նորոգում է մեր ուխտը Տիրոջ Սուրբ Մարմնի՝ Սուրբ Եկեղեցու ծառայութեան ճանապարհին: Սուրբ Ղեւոնդեանց քաջութիւնն այսօր նաեւ հրաւէր է` զօրացնելու մեզ ժառանգուած փոքր ածուն, մեր հայրենիքը եւ ամրացնելու Աստծոյ հանդէպ մեր ժողովրդի նուիրական հաւատքը՝ Ղեւոնդեանց ու Վարդանանց օրինակով: Նրանց հոգիներում Տիրոջ հանդէպ բորբոքուած սէրն էր, որ եկաւ քաջութիւն յաւելելու մեր ողջ ժողովրդի ազատասէր ոգուն, յաղթեց վախը, արհամարհեց մահը, մէկ բռունցք դարձրեց ողջ հայութեանը, անկարելին դարձրեց հնարաւոր, կասեցրեց արիւնարբու եւ զօրեղ թշնամու ազգակործան նպատակը եւ սերունդներին վերադարձրեց ազատ ու արժանապատիւ ապրելու սրբազան իր իրաւունքը:
Աւարայրի դաշտում մեր սուրբ նախնեաց սրտերում Կենարարի հանդէպ բորբոքուած սէրն էր սխրագործում: Նրանցից ամէն մէկի մտքում հնչում եւ կեանքի էր կոչւում աստուածատուր պատուիրանը. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: … Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթ. ԻԲ 37-40):
Ահա սա էր Սուրբ Ղեւոնդեանց քաջարի հոգեւորականների հերոսական կեանքի եւ նահատակութեան սերմը եւ քրիստոնեայի՝ դէպի երկինք տանող ճանապարհի հիմնական ուղենիշը: Միայն իր «հոգում բորբոքուած Կենարարի սիրոյ հուրը» ունեցող քրիստոնեան կարող էր չերկնչել մարմինը սպանողներից եւ գիտակցուած մարտնչել «մահ իմացեալ` անմահութիւն» տեսիլքով ու հաւատքով»:
Տէր Հայրն ընգծեց նաեւ, որ Սուրբ Ղեւոնդեանք եւ նրանց արժանաւոր յաջորդները՝ Հայոց Եկեղեցու սուրբ հայրապետներն ու եռամեծ վարդապետները, երանելի քահանաներն ու իմաստասէր սարկաւագները, մշտապէս հոգեւոր ու ազգային շահը վեր են դասել ամէն տեսակ անձնական ցանկութիւններից եւ հաւատքի պահպանման ու ազգային սրբութիւնների համար վայրկեան իսկ չեն վարանել զոհաբերելու իրենց կեանքը:
Խօսելով հայ ժողովրդի կեանքում անմոռանալի մնացած Ղեւոնդեանց քաջութեան եւ սխրագործութեան մասին՝ Տէր Սիմէոնն ասաց. «Ուղիղ հարիւր տարի առաջ բանաստեղծի խօսքերով՝ Աւարայրից ջանք առած մեր նախնիները գրեցին հայ ժողովրդի պատմութեան հերոսական էջերից մէկը՝ մայիսեան հերոսամարտերը: Աւարայրից ու Սարդարապատից ջանք առած մեր հայրերն ու աւագ եղբայրներն ազատագրեցին նաեւ Արցախ աշխարհը: Իսկ այսօր ամէն րոպէ ու ամէն վայրկեան անդադար Հայոց սահմաններին կանգնած զինուորի, սպայի ու գնդերեցի հոգիներում թեւածում է Աւարայրի, Սարդարապատի ոգին: Ղեւոնդեանց ու Վարդանանց սուրբերի հոգիներում բորբոքուած սիրոյ հուրն այսօր էլ արթուն է պահում ամէնքիս ու դարձնում անպարտելի…»:
Պատարագիչ քահանան անդրադարձաւ նաեւ ազգային ինքնութեանն ու հաւատքին սպառնացող արդի մարտահրաւէրներին: «Նիւթապաշտութեան, անտարբերութեան, անարդարութեան չաստուածները երբեմն սիրելի են դառնում մեր որոշ քոյրերի եւ եղբայրների համար: Այսօր մեր հայրենիքի սահմաններին հասած կրօնական կասկածելի հոսանքները, ազատութեան մասին խեղուած մեկնաբանութիւնները, հեռուստաեթերից ու տարբեր խողովակներով քարոզուող քրիստոնէական ընտանիքի մասին աղաւաղուած պատկերացումները, օտարոտի ենթամշակոյթների ու կեղծ արուեստի քարոզչութիւնը շատ չեն տարբերւում եւ երբեմն աւելի վտանգաւոր են հին հազկերտներից ու նրա զօրքից: Ահա այդ մարտահրաւէրների առջեւ է, որ դարձեալ նորօրեայ Ղեւոնդներն ու Վարդաններն են կանգնած՝ Աւետարանի լոյսով լուսաւորելու մեր ժողովրդին, մեր նախնեաց սուրբ պատգամներով զօրացնելու հաւատքն ու նուիրումը երիտասարդ մեր զաւակների, կենդանի աղը դառնալու հոգեւոր կեանքի եւ միայն այդպէս արժանի լինելու Ղեւոնդեանց յետնորդները լինելու բարձր ու երանելի պատուին՝ պարզ ճակատով կանգնելով Տիրոջ ատեանի առջեւ», - նշեց Տէր Հայրը:
Պատարագիչը յորդորեց իր հոգեւոր եղբայրներին ապրել եւ գործել Ս. Ղեւոնդեանց ուղենշած ճանապարհով ու սխրանքով, ապագայ սերունդների համար հարթել քաջութեան, զոհաբերութեան, սիրոյ ու նուիրումի նորանոր ուղիներ:
Վերջում Սիմէոն քահանան Հայոց Եկեղեցու քահանայից դասի անունից տօնի առիթով շնորհաւորեց Հայոց Հովուապետին` հայցելով Ս. Ղեւոնդեանց բարեխօսութիւնը իւրաքանչիւր հայ հոգեւորականի ուխտեալ ծառայութեան համար: