Հանդիպման ընթացքին հարցերու մէկ մասը կը վերաբերէր Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերուն մէջ սահմանային իրավիճակին եւ Հայաստանի՝ օգնութեան համար ՀԱՊԿ-ին դիմելուն։
«Դու քո դիրքը բերել-դրել ես խորքում, Ատրպէյճանը առաջ է եկել, դու աշխարհով մէկ գոռում ես՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գայ՝ Ատրպէյճանին ետ մղի: Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպէս ստացուել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն աւելի լաւ յարաբերութիւն ունեն Ատրպէյճանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: Այս պարզ հարցի պատասխանը պէ՞տք է տան, թէ՝ ոչ: Ինչո՞ւ պէտք է Պելառուսը, Ղազախստանը եւ միւս երկրներն աւելի լաւ յարաբերութիւն ունենան Ատրպէյճանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պէտք է քեզ պաշտպանեն: Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպէս հերոսութիւն մատուցում ժողովրդին, թէ՝ դիմեցի ՀԱՊԿ-ին: Յետո՞յ: Ուղղակի զաւեշտի է վերածուում պետութեան հիմնական ֆունկցիաներից (գործառոյթ) մէկը՝ անվտանգութեան ապահովումը»,- ըսած է երկրորդ նախագահը:
Սահմանային ճգնաժամի եւ Սիւնիքի մէջ կատարուող իրադարձութիւններու հնարաւոր զարգացումներու մասին երկրորդ նախագահն ըսած է․ «Ոչինչ չի արուում երկրի սահմաններն ամրացնելու ուղղութեամբ։ Եթէ դու ունես սահման, պէտք է պաշտպանես քո՛ զինուած ուժերով։ Դրա համար պէտք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինուած ուժերին պէտք էր հնարաւորութիւն տալ համապատասխան խտութեամբ զօրք տեղակայել այդ սահմանին։
Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա (սահմանագծում) անել, եւ ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել։ Սրանք չոքած մարդիկ են եւ վստահ եմ, որ որեւէ դիմադրութիւն չի լինելու։
Մեր լրջագոյն խնդիրն այս պահին նոր վտանգների դիմակայելու իսպառ բացակայութիւնն է»։