Օրեր առաջ, հարձակվելով Իրաքի Քիրքուք քաղաքի վրա, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մոտ 20 մարդ են սպանել քաղաքում: Գրավելով քաղաքի ոստիկանատները, էլեկտրակայանն ու այլ կառավարական կենտրոններ՝ նրանք սպանդ են կատարել Իրաքի խոշորագույն նահանգներից մեկի վարչական կենտրոնում՝ որոշ գործողություններ իրականացնելով ինքնապայթեցման միջոցով:
Իրաքյան ուժերին հաջողվել է ետ մղել զինյալներին, քաղաքում մի քանի օր շարունակ սահմանվել է արտակարգ դրություն:
Ինչպես հայտնի է՝ Քիրքուքում ոչ մեծաթիվ հայկական համայնք կա. մեզ հաջողվեց ճշտել, որ այս պահին օրեր առաջ ԶԼՄ-ների ուշադրությունը գրաված Քիրքուքում 30 հայ ընտանիք է ապրում: Նախկինում հայկական մեծ համայնք է եղել իրաքյան այս քաղաքում, սակայն վերջին տարիների մերձավոր-արևելյան իրադարձությունների պատճառով ոչ միայն հայերը, այլ նաև քրիստոնյաները լքել են քաղաքը:
«Արևելքը» կապ հաստատեց Քիրքուքի Ազգային խորհրդի ատենապետ Մասիս Սարգսյանի հետ, որ տեղեկացրեց, թե «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների մուտքը քաղաք, եղել է հանկարծակի, գիշերվա ժամը 3-ին: Իրաքի՝ ապահով համարվող այդ քաղաքում ոչ ոք չի սպասել հարձակման, և զինյալները կարողացել են ներս թափանցել և որոշ գործողություններ իրականացնել:
«Այն օրերին, երբ նրանք քաղաքում էին, մենք բանտարկված մնացինք տներում, մինչև զորքն ու ոստիկանությունը ետ մղեցին նրանց: Այսօր, Փառք Աստծո, քաղաքում հանգիստ է»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե հայերը չեն պատրաստվո՞ւմ հեռանալ Քիրքուքից, Մասիս Սարգսյանը պատասխանեց, որ կա՛ն նման տրամադրություններ, բայց նշեց այն դժվարությունները, որ հայերը կարող են հանդիպել ծննդավայրը լքելուց հետո. «Երբեմն, այո, մտածում են դուրս գալ այստեղից, բայց ու՞ր գնալ... Այստեղ գոնե բոլորը աշխատում են, աշխատանքով ապահովված են, քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով են ապրում: Մարդիկ այստեղ ծնվել են, մեծացել, սովորել այստեղի կյանքին: Ընտանիքներով հարյուր տարի է՝ այստեղ են, ես օրինակ, այստեղ եմ ծնվել, մեծացել, իմ հայրը նույնպես, պապս Եղեռնից հետո է այստեղ եկել: Ցանկությունը միայն բավարար չէ, դժվարություններ կան՝ դուրս գալուց հետո»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ Քիրքուքում ապրող հայերը հիմնականում հայախոս են, աշխատում են պետական կառույցներում, նրանց մեջ կան լավ ճարտարապետներ, ինժեներներ, նավթի ընկերություններում ընդգրկված մասնագետներ: Կան հայ ուսուցիչներ, որ դասավանդում են Քիրքուքի արաբական դպրոցներում, իսկ հայերի հիմնական մասը, ինչպես Մասիս Սարգսյանն ասաց, սեփական գործեր ունի և արհեստավոր է:
«Իսլամական պետություն» խմբավորման՝ քաղաք ներխուժումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Քիրքուքում «Սուրբ Մարիամ Աստվածածին» հայկական նորակառույց եկեղեցին է օծվել: Եկեղեցին կառուցվել է անցյալ տարի, որի բացմանը ներկա է եղել Քիրքուքի նահանգապետը: Մասիս Սարգսյանը նշեց, որ Ազգային խորհուրդը զբաղվում է եկեղեկցական և այլ հարցերով, նախկինում գործած հայկական դպրոցն էլ խորհրդի ենթակայության տակ էր: Հայ աշակերտների թվի նվազման հետ, ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, դպրոցն այսօր չի գործում: Քիրքուքի հայ աշակերտները հաճախում են քաղաքի քրիստոնեական արաբական դպրոցներ:
«Կյանքը շարունակվում է»,-ասաց Մասիս Սարգսյանը, ավելացնելով նաև, որ իրենք միայնակ չեն զգում Քիրքուքում՝ վտանգի օրերին բոլորը հարցնում էին, փորձում օգնել… «Պարզապես շատ անակնկալ էր այդ հարձակումը»: