image

Պատրիարքարանի առջև սև ծաղկեպսակ է դրվել. Արամ Սրբազանը չի ժամանելու Երևան

Պատրիարքարանի առջև սև ծաղկեպսակ է դրվել. Արամ Սրբազանը չի ժամանելու Երևան

Այսօր առավոտյան բողոքի ցույց է տեղի ունեցել Ստամբուլի Հայոց պատրիարքարանի փողոցում՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ  եկեղեցու դիմաց: Փոխանցելով լուրը՝ Ստամբուլի «Ժամանակ»  օրաթերթը տեղեկացնում է, որ Պոլսում գործող «Միտք» հարթակի կոչին հետևելով, ցույցին մասնակցել են սակավաթիվ պոլսահայեր, որոնք պատրաստվում էին սև ծաղկեպսակ զետեղել պատրիարքարանի պարիսպների մոտ: Պոլսահայերի խումբը իբրև ցույցի կարգախոս է ընտրել  «Մենք ուզում ենք մենք ընտրել մեր պատրիարքը»: Նրանք հանդես են գալու նաև հայտարարությամբ, որով ուշադրություն են հրավիրելու պատրիարքական ընտրության՝ այս պահին առկախված խնդրի վրա:

Մինչ այդ, Մոսկվայից Պոլիս է վերադարձել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը: Ինչպես հայտնի է՝ Արամ Աթեշյանը այսօր պիտի ժամաներ Երևան՝ առաջիկա օրերին մասնակցելու Հռոմի Պապի այցելության միջոցառումներին: Թուրքիայի նախագահին գրած նամակից հետո Արամ Աթեշյանի դեմ բողոքի ալիք է ծնվել  Հայաստանում: Մի խումբ մարդիկ պատրաստվում էին «Զվարթնոց» օդանավակայանում բոյկոտել փոխպատրիարքի այցը: Ինչպես տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը, սրբազանն իր այցը չեղյալ է հայտարարել՝ Հռոմի Պապի այցելության տոնական օրերին Հայաստանում ավելորդ լարվածությունների տեղիք չտալու համար: 

Դեռևս պարզ չէ՝ Արամ Սրբազանը մասնակցելո՞ւ է Հռոմի Պապի այցից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Գերագույն Հոգևոր խորհրդի նիստի՞ն, թե՞ ոչ: