Երեկ Բեյրութում իր մահկանացուն է կնքել հայ տաղանդավոր ռեժիսոր Վարուժան Խդշյանը: Նա համարվում է լիբանանահայ ժամանակակից թատրոնի հիմնադիրներից մեկը: Վարուժան Խդշյանի բազմաթիվ բեմադրություններ ներկայացվել են Բեյրութի և սփյուռքի այլ կենտրոնների հայկական բեմերում, ինչպես նաև` Հայաստանում: 1987-2002 թվականներին Վ. Խտշյանի բեմադրությամբ Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացրել է Շանթի «Հին Աստվածներ», «Եսի մարդը», «Կայսր», Հակոբ Օշականի «Երկնքի ճամփով», Ա. Միլլերի «Բոլոր զավակներս», «Գինը», Կ. Մանյեի «Օսկարը», Ն. Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը», ժ. Շեհադեի «Բրիզբանի գաղթականը» և այլ պիեսներ:
Վարուժան Խդշյանը ավանդ է ունեցել նաև հայաստանյան մշակութային կյանքում: Նկարահանվել է «Ձորի Միրոն» և այլ ֆիլմերում, բեմադրություններ է արել հեռուստաթատրոնում: Սակայն, անվանի բեմադրիչի մահվան լուրն աննկատ անցավ Հայաստանի մշակութային ոլորտը տնօրինող պաշտոնյաների կողքով, փոխարենը արվեստագետին հիշում են նրա հետ աշխատած հայաստանցի դերասանները և այլ գործիչներ:
Դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը Վարուժան Խդշյանի մասին ասում է. «Անկասկած, լիբանանահայ համայնքի ուրույն գույնն ու համն էր... Թատրոնի նվիրյալ: Անսահման հմայքի տեր արտիստիկ անձնավորություն... Կան մարդիկ, որոնք իրենք-իրենցով թատրոն են եւ ունեն զարմանալի ձգողականություն… Նրանք դժվարությունների զոհ չեն դառնում, այլ հաղթահարում են դրանք արժանապատվորեն… Ահա այդպիսին Վարուժան Խդշյանը կմնա իմ հիշողությունների մեջ… Ահա այդ կորուստն եմ ցավում… Խորին ցավակցություններս բեյրութահայությանը, Վարուժանի հարազատներին, մտերիմներին եւ ընկերներին…»:
Արձակագիր Երազիկ Գրիգորյանը հիշում է. «Մեր հանդիսատեսը Վարուժան Խդշյանին ծանոթ է «Զբոսայգում ոտաբոբիկ», «Ով է վախենում Վիրջինիա Վոլֆից», «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումներից: Վարուժանը խարիզմատիկ ու մեծ տաղանդի տեր մարդ էր: Խորհրդային տարիներին նա մեզ համար մաքուր օդ էր, այն ուրիշներից էր, որ ավելի էր մերը, քան մենք ինքներս: Մեծ վաստակի տեր մեր դերասանները ծաղկի պես բացվում էին նրա ձեռքի մեջ, խաղում էին այնպես, ինչպես որ չգիտեին էլ, թե կարող են խաղալ: Երբեք չեմ մոռանա Մետաքսյա Սիմոնյանի Մարթան, Գուժ Մանուկյանի ու Վիորլետ Գրիգորյանի ֆանտաստիկ բեմընկերությունը: Ցավում եմ Վարուժանի համար: Վարազդատ ջան, ցավակցում եմ ու շնորհակալ եմ, որ ճանաչել եմ նրան: Հիշում ես, ուզում էինք Վարուժի մասին գիրք գրել: Վարուժան ջան, թող խաղաղ ապրի հոգիդ: Ոնց էր ուզում մի անգամ էլ Հայաստան գալ»: