«Հրապարակ» օրաթերթը կը գրէ․
««Հրապարակ»ի հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքեանը:
- Արցախում կրկին կազ չկայ, իսկ իրավիճակը, կարծես, Հայաստանի գործող իշխանութիւններին այնքան էլ չի յուզում: Ի վերջոյ` այս հարցը, Ձեր կարծիքով, ի՞նչ հանգուցալուծում պէտք է ստանայ:
- Պաքուի իշխանութիւններն այժմ էլ սկսել են յայտարարել, որ Արցախի կազամատակարարման խնդիրն Ատրպէյճանի ներքին հարցն է: Այսինքն` հասկացնում են, որ ոչ մի արտաքին դերակատար այս խնդրի կարգաւորմանը չպէտք է միջամտի, քանի որ սա ինքնիշխան Ատրպէյճանի որոշելիք հարց է․ կ'ուզի` կը լուծի, չի ուզի` թող մարդիկ սառչեն իրենց տներում: Հայաստանի իշխանութիւնները Պաքուի այս պահուածքին համարժէք հակընդդէմ արդիւնաւէտ գործողութիւնների ծրագիր դեռեւս չունեն եւ, գուցէ, երբեւէ չունենան էլ:
- Բայց ՀՀ իշխանութիւնները խաղաղութեան դարաշրջանի բացման մասին են անընդհատ խօսում, եւ Արարատ Միրզոյեանն էլ մեկնել էր Թուրքիա ու նրանց արտաքին գործերի նախարարի հետ ջերմ հանդիպում ունեցաւ, ի՞նչ սպասել:
- Ինքնին հանդիպումները խնդիր չեն: Էականն այն է, թէ հարցերի ինչ շրջանակ է դրանց ընթացքում քննարկւում, եւ արդեօք հայկական կողմը մեզ համար կարեւոր խնդիրները կարողանո՞ւմ է երկկողմ օրակարգի մաս դարձնել: Բայց անգամ եթէ դա կարողանում են անել, դեռ անհրաժեշտ է նաեւ ստոյգ իմանալ, թէ ՀՀ իշխանութիւնները ճշգրիտ որ հարցերն են կարեւոր համարում: Նախարար Միրզոյեանն ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման առաջնային լինելը, ինչը նաեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման արդիւնք պէտք է լինի: Արդեօք Հայաստանը դրա համար ինչ-որ գին պէ՞տք է տայ, եւ եթէ այո՛, ապա ո՞րն է լինելու այդ գինը:
- Թէպէտ գործող իշխանութիւնները շատ են խօսում խաղաղութեան մասին, սակայն կարծես չորս կողմից եկող ազդակներն այլ բանի մասին են յուշում: Նոր պատերազմի վտանգ կա՞յ:
- Նոր պատերազմի հաւանականութիւնը չի կարելի բացառել: Նոր պատերազմին մենք, ամէն դէպքում, պէտք է շատ լաւ նախապատրաստուենք: Եթէ նոր պատերազմն անխուսափելի է լինելու, ապա անհրաժեշտ է այնպէս անել, որ այն սկսուի մեզ համար առաւել յարմար պահին: ՀՀ իշխանութիւնների առաջնային խնդիրն է, բացի կանոնաւոր բանակի վերակազմաւորումից, ստեղծել տարածքային ինքնապաշտպանութեան աշխարհազօրային կառոյցներ, նախատեսել քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան համար անհրաժեշտ միջոցներ` ռմբապաստարաններ կահաւորել, կուտակել բժշկական պարագաների ու սննդամթերքի պաշարներ: Այս միջոցները պէտք է ձեռնարկուեն խաղաղութեան մասին զրոյցներին զուգահեռ: Բայց ամենակարեւոր խնդիրը, որ զուգահեռաբար պէտք է լուծուի, դա իրաւաքաղաքական ու դիւանագիտական միջոցներով պատերազմի վերսկսման վտանգը կանխելն է»: