Տիկին Կարինէն մահացած էր 2 օր առաջ, սրտի կաթուածէ, Աղաւնոյի իր տան մէջ, ուրկէ հրաժարած էր դուրս գալ:
Կարինէի մարտական ընկեր Գէորգ Պատալեանը յիշած է, որ դեռ արցախեան առաջին պատերազմի ժամանակ մանկահասակ երեխաները թողած էր Գորիս եւ բարձրացած էր մարտական դիրքեր:
«Սկզբից Կոռնիձորի Արոյի ջոկատում է եղել, յետոյ Տիգրան Մեծ ջոկատում: Մասնակցել է ապրիլեան քառօրեայ պատերազմին, այդ ժամանակ ես իր հետ չեմ եղել, իսկ այս պատերազմում եղել է Գորիսի երկրապահների գնդում, որից յետոյ էլ մասնակցել է Քաշաթաղի պաշտպանութեանը եւ մինչեւ վերջ մնացել է Աղաւնօ գիւղում եւ չէր ցանկանում դուրս գալ, ասում էր` մէկ է, որ Աղաւնօն էլ տան թուրքին, ես դուրս չեմ գալու, տենց էլ դուրս չեկաւ, պայթուցիկները գրպանը լցրած, նա դիրքերից տուն չէր իջնում: Շատ նեղուած էր, էդ մտածմունքից էլ երեւի մահացաւ, որովհետեւ մինչեւ այդ առողջական խնդիր չունէր»,-NEWS.am-ին պատմած է ան:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակաւոր պաշտօնակատար Մուշէղ Ալաւերդեանն ալ խօսելով տիկին Կարինէի մասին, ըսած է, որ ան կատարեալ հայ կնոջ եւ մօր կերպար կը ներկայացնէր:
«Նա այն հայ կնոջ կերպարն է, ում կարիքը մենք շատ ունենք: Երբեք չեմ մոռանայ, որ հենց իրենց տանը համադասարանցիներով նայում էինք` ոնց էր ինքը դիակները կարկատում, որպէսզի կարողանան թաղել: Վերջին մի քանի անգամները զանգել էր հոսանքի հետ կապուած խնդիրներով, անջատումներն էին լինում եւ մօտաւորապէս այսպիսի խօսակցութիւն էր գնում` տղայ ջան եթէ 5 րոպէից լոյսերը չտան, ես քո սեւը կը տամ: Դա, թէկուզ, պահի տակ ջղայնացնում էր, բայց էս պահերին կարօտով էս յիշում: Նա արեց այն, ինչ պարտաւոր էր անել եւ հպարտանալու առիթ շատ ունենք»,- ըսած է ան:


