image
Հրատապ լուրեր:

Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար

Նոյեմբերի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ իշխանության ներկայացուցիչներ, Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց միասնական աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։ 

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

Այնուհետև Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը աղոթք վերառաքեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես գերեվարված հայորդիների ազատության համար։

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այս պահին համախմբվել ենք այս սուրբ Տաճարի օրհնյալ կամարների ներքո միասնաբար աղոթելու Արցախից բռնի տեղահանված և գաղթական դարձած մեր քույրերի ու եղբայրների և նրանց իրավունքների վերականգնման, հատկապես գերեվարված հայորդիների ազատության և իրենց ընտանիքներ վերադարձի համար։ Մեր հայցն է, որ Երկնավոր Տերը զորացնի հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիներին, նվաստացումների ենթարկվող, ցավ ու տառապանք կրող մեր գերյալ զավակներին ու նրանց հարազատներին, որոնք նույնպես աղոթակից են մեզ Միածնաէջ այս սուրբ տաճարում։ 

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնությամբ տեղահանվեցին իրենց հինավուրց բնօրրանից, զավթվեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանամերձ տարածքներ, պղծման ու ոչնչացման են ենթարկվում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը, հայկական գյուղեր, գերեզմանատներ ու հուշակոթողներ։ 

Այսօր միասնական մեր աղոթքը հնչեցնում ենք որպես կոչ արդարության ու արդարադատության՝ ընդդեմ մարդկության հանդեպ կատարվող ոճրագործությունների, ընդդեմ արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների, այլև ընդդեմ Արցախի հոգևոր-մշակութային արժեքների բարբարոսական ոչնչացման և Բաքվի բանտերում անօրինաբար արգելափակված մեր զավակների։ Արդի աշխարհում, ուր մեծապես կարևորվում է մարդկային ազատությունների ու իրավունքների գերակայությունը, անհանդուրժելի են նման երևույթները և պետք է արժանանան խստագույն դատապարտման։

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների գագաթնաժողովի 29-րդ նստաշրջանը։ Հավատում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության առաքելության հիմքում դրված մարդկային կյանքի և արժանապատվության պաշտպանության, արդարադատության գործադրման անփոփոխելի ու անզիջելի արժեքները ազդու միջոցներով պիտի իրենց արտահայտությունը գտնեն նաև մեր գերյալ զավակների ազատ արձակման և արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։ Այս առումով Մենք պաշտոնապես դիմել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տիար Անտոնիու Գուտեռեշին, որպեսզի ՄԱԿ-ի բարձր ատյանից զորակցություն ցուցաբերվի գերյալների հրատապ ազատ արձակման կարևոր գործին։

Սիրելիներ, այսօր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական պարտադրանքների ու սպառնալիքների ներքո։ Սակայն քաջ հայտնի է՝ խաղաղությունը հարատև և հաստատուն է, երբ կառուցվում է արդարության և ճշմարտության ամուր հիմքերի վրա։ Այդպիսի խաղաղությունն է, որ բարի արգասիքներ է բերում մարդկության կյանքում, կանխարգելում ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը և դրանցից բխող աղետներն ու արհավիրքները։ Աստվածաշնորհ ազատության, խաղաղության ու արդարության համընդհանուր ձգտումով է, որ աշխարհում կլռեն ռազմի ձայները, ցավի ու տառապանքի փոխարեն կսփռվեն սերն ու բարիքը։ Լիահույս ենք, որ Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթներին հավատարիմ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների կողմից քայլեր կձեռնարկվեն արցախահայության բնականոն կյանքի վերականգնման համար իրենց հայրենի բնօրրանում։ Հիրավի, ճշմարտության ու արդարության հաստատումով է, որ պիտի ամրապնդվի խաղաղ գոյակցության ու համագործակցության ոգին՝ ի խնդիր հասարակությունների և ժողովուրդների առաջընթացի ու լուսավոր գալիքի։ «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Հակ. 3.18): 

Սիրելիներ, գոհունակությամբ ցանկանում ենք անդրադառնալ, որ այսօր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և միջեկեղեցական կառույցների ջանքերով աշխարհի տարբեր կողմերում քրիստոնյա մեր քույրերն ու եղբայրները նույնպես աղոթք են բարձրացնելու հանուն գերիների ազատ արձակման և գաղթական դարձած հայորդիների իրավունքների պաշտպանության։ Այս առիթով Մեր շնորհակալությունն ենք բերում մեր քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակներում մեր ժողովրդին ցուցաբերած իրենց անկեղծ ու սրտակից սատարումի, ինչպես նաև, ընդառաջ Մեր դիմումին, այս արարողությանը միանալու ազնիվ հանձնառության համար։

Ի խորոց սրտի հայց ենք վերառաքում առ Բազումողորմ Աստված, որ խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու համայն աշխարհը, մերօրյա փորձությունների հաղթահարման համար հավատի ամրություն պարգևի աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շուտափույթ ազատություն շնորհի գերեվարված մեր բոլոր զավակներին։

Թող Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն ամենքիս հետ․ ամեն։