Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին, ովքեր Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով։
Հանդիպմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին զորավիգ ու նեցուկ լինել իրենց առաջնորդին իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման: