2024 թ․ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ եւ Թեհրան քաղաքների հոգեւոր եւ ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկանում ենք Մատենադարանից:
Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։
Պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատուն եւ արխիվների վերականգնման կենտրոն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Մատենադարանի նախաձեռնությամբ ձեռագիր ժառանգության վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ։
Այս նախաձեռնությամբ Մատենադարանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու աշխարհի տարբեր կենտրոններում հայկական գրավոր ժառանգության պահպանմանը։