Վիրահայոց թեմի մամլո դիվանը տեղեկացնում է, որ 86 տարեկան հասակում ի Տեր ննջեց Վիրահայոց թեմի նվիրյալ և վաստակաշատ հոգևոր սպասավոր, արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը:
րժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանը (ավազանի անունը` Ռազմիկ) ծնվել է 1939 թվականին, Գյումրիում:
Սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում, ծառայել է Խորհրդային բանակում:
1968 թ․-ին ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է սարկավագ:
1969թ-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոսի օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում:
1972 թ․-ին Գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի հրանամով տեղափոխվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:
1976 թ․-ի հուլիսի 17-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի հրամանով տեղափոխվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ ստացել լանջախաչ կրելու իրավունք:
1990 թ․-ին օգոստոսի 25-ին արժանացել է ավագության աստիճանի:
2003 թ․-ի ապրիլի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ վերահաստատվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:
2005 թ․-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:
2006 թ․-ի հոկտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես լուսարարապետ:
2010 թ․-ի հուլիսի 1-ից նշանակվել է Մառնեուլիի, Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի եւ Դմանիսիի հայության հոգեւոր հովիվ:
2012 թ․-ի ապիլի 1-ից նշանակվել է «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:
2012 թ․-ի նոյեմբերի 12-ից ժամանակավորապես նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հայության գյուղերի հոգևոր հովիվ:
2015 թ. հունիսի 24-ից ծառայության է նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես օգնական հովիվ:
2019 թ․-ից ծառայում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում։
Ամուսնացած էր, ունի չորս զավակ։
Հոգեհանգստյան եւ հուղարկավորության արարողությունները կկատարվեն Թբիլիսիում։
Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի խոսքերից
«Մայրիկիս պատմածներից հիշում եմ, որ իրենք սերում են Արևմտյան Հայաստանի Ղարսի նահանգի Բայղարա գյուղից: Սմբատ Կուրղինի Բագրատունին եղել է մայրիկիս՝ Փառանձեմ Բագրատունու հայրը: Մայրս միշտ սիրով ու ընդգծված հպարտությամբ էր արտասանում իր ազգանունը: Ինչ-որ առանձնահատուկ վեհանձնություն էր դնում դրա մեջ:
Իմ պապը՝ Սմբատ Բագրատունին եղել է դաշնակցական և մեծ անունով, հարգանք վայելող անձնավորություն: Նրա անվան հետ գյուղում շատ մեծ գործեր էին կապում: Մայրս միշտ ասում էր, որ իր հայրը տանը շատ քիչ էր լինում, միշտ հպարտ ձիավորը գալիս ու շատ շուտ գնում էր:
Գաղթի ժամանակ մայրս եղել է 12 տարեկան: Դա եղել է 1918-19 թվականներին: Ճանապարհին մորս ընտանիքը կորցրել է մի քրոջը: Կենդանի են մնացել մորս յոթ եղբայրները: Քեռիներիցս մի քանիսը հաստատվել են Լենինականում, մի քանիսն էլ տեղափոխվել և հաստատվել են Կիրովականում: Նրանցից ոմանք փոխել են ազգանունները. մեկը գրվել է Կուրղինյան, մեկը՝ Բագրատունի և այլն: Լենինականում հաստատվելուց հետո պապս, մայրիկիս հայրը թաքնվում էր, որովհետև դաշնակցական էր: Այդ տարիներին նրան շատ էին հետապնդում, նեղում: Մի քանի անգամ ԷՆԿԱՎԵԴԵ կանչելուց հետո, աքսորում են Սիբիր: Այդ ժամանակ մեր ընտանիքը կուլակ հայտարարեցին, որովհետև մյուս պապիս կողմից մեր ընտանիքը հոգևորականների ընտանիք էր: Մեկ օր ընտանիքի բոլոր անդամներին տնից դուրս բերեցին, նստացրեցին մի գորգի վրա ու հայտարարեցին, որ ահա մի ընտանիք, որտեղ մի պապը դաշնակցական է, իսկ մյուս պապը՝ հոգևորական:
Մայրիկիս մեծ մորը Աննա էին կոչում, մայրս իր հարազատ մորը վաղուց էր կորցրել և նրան պահել-մեծացրել է իր տատը՝ Աննա մայրիկը: Մայրս միշտ հիշում էր, թե ինչպես էր իրենց հարևան թուրք կինը միշտ ասում, որ մի գնացեք, մնացեք այստեղ, մենք ձեզ կպահենք, մի հավատացեք ռուսներին: Եվ իրավամբ, հասնելով Լենինական, մայրս ցավով էր հիշում նրա խոսքերը, քանզի տարիներ շարունակ ԷՆԿԱՎԵԴԵՆ հետապնդում էր մեր ընտանիքին, հետո էլ պապիս աքսորեցին Սիբիր, դա կարծես ավելի հաստատեց թուրք կնոջ խոսքերը:
Պապս այդպես էլ աքսորից չվերադարձավ:
Հայրական կողմից մեր ընտանիքը հոգևորականների ընտանիք էր: Ես կրում եմ իմ պապի անունը, նա նույնպես կոչվել է Տեր Եղիշե քահանա: Այժմ էլ իմ թոռը՝ որը նույնպես կրում է Եղիշե անունը, սովորում է Սևանի դպրեվանքում: Աստծուն և հավատքին ծառայելը մեր ընտանիքի սրբազան պարտքն է, կարծում եմ սերնդե-սերունդ այդպես էլ կշարունակվի, միայն թե աշխարհում լինի խաղաղություն և մարդկանց շրջանում սեր»: