Ահա եւ մօտենում է տարուայ ամենատպաւորիչ ու հրաշքներով լի ժամանակաշրջանը, երբ բոլորս սրտի տրոփիւնով սպասում ենք գեղեցիկ ու հեքիաթային տօներից մէկի՝ Ամանորի գալստեանը: Քաղաքների փողոցները լուսաւորւում են հազարաւոր երփներանգ գոյներով, ամէնուրեք զարդարուած տօնածառերն ասես տեղափոխում են մեզ հեքիաթների աշխարհ:
Դեկտեմբերի 21ին, մեր տաքուկ օրրանում՝ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցում, տօնական եռուզեռ էր: Եկեղեցում հաւաքուել էին աշակերտների հարազատներն ու ընկերները՝ վայելելու աւանդոյթ դարձած Ամանորեայ հանդէսը:
Աւանդաբար այն բաղկացած էր երկու մասից, որի մեկնարկը տրուեց Ս․ Ղեւոնդեանց Մայր տաճարի հովիւ Խաժակ քահանայ Շահբազեանի «Տէրունական» աղօթքով։
Առաջին եւ երկրորդ դասարանցիներն իրենց ելոյթները նուիրեցին Ամանորին եւ Սուրբ Ծնունդին: Իրենց մանկական շուրթերով ամփոփեցին վերոյիշեալ տօների խորհուրդները, եւ քանի որ այդ օրերին բոլորը տօնածառ են զարդարում, փորձեցին բացատրել, որ վերջինս դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Քրիստոնէական աշխարհում այն կոչւում է նաեւ Ծննդեան ծառ. կապւում է Կենդանի Կենաց ծառի` Յիսուս Քրիստոսի հետ։ Գագաթի զարդը խորհրդանշում է Բեթղէհէմեան աստղը, որը մոգերին առաջնորդում էր դէպի մսուր, որտեղ ծնուելու էր Փրկիչը։ Եւ ինչպէս մոգերն ընծաներ բերեցին Քրիստոսին, այնպէս էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին` զարդարելով այն:
Որքա՜ն մեծ էր երեխաների ոգեւորութիւնը, երբ անսպասելի կերպով յայտնուեց Ձմեռ պապիկը, ով անշուշտ իր հետ բերել էր այնքան սպասուած նուէրները: Ձմեռ պապիկը նաեւ երաժշտական անակնկալ մատուցեց բոլորին եւ իր հրաշալի ձայնով երգեց բոլորիս քաջածանօթ Ամանորեայ երգերից մի քանիսը:
Հանդիսութեան երկրորդ բաժնում մասնակցում էին 3-6րդ դասարանների աշակերտները, որոնք պատմեցին մանկութեան քաղցր ու անմոռանալի յուշերի մասին, գովերգեցին ընկերութիւնը եւ տուեցին դրա յստակ սահմանումը։ Գեղեցիկ կերպով նկարագրեցին ժպիտի զօրութիւնը եւ բազմաթիւ մէջբերումներ արեցին յայտնի մարդկանց խօսքերից, որոնց համագումարը Մայր Թերեզայի բնորոշումն էր, որ. «Եկէ՛ք ժպիտով ողջունենք միմեանց, քանի որ ժպիտը սիրոյ սկիզբն է»։
Յայտագրի վերջում Արեւմտեան թեմի շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր տեսուչ եւ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանն իր երախտիքի խօսքն ուղղեց Արեւմտեան թեմի ժրաջան առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանին, որի անմիջական օրհնութեան ներքոյ է գործում շաբաթօրեայ մայր հաստատութիւնը։ Ապա իր շնորհակալութիւնը յայտնեց նաեւ Խաժակ քահանայ Շահբազեանին, դոկտոր Էլլի Անդրէասեանի գլխաւորութեամբ բոլոր ուսուցիչներին, ինչպէս նաեւ ծնողներին ու աշակերտներին: Տնօրէնը շեշտադրեց. «Նոր տարին արտաքնապէս թուականի փոփոխութիւն է, որը ոչ այլ ինչ է քան փիլիսոփայութիւն եւ այն մեր կեանքում էական չէր լինի, եթէ ճիշդ այդ օրերին չլինէր մանուկ Յիսուս Քրիստոսի ծնունդը»։
Ապա ներկաներին իր օրհնութիւնը բաշխեց գերաշնորհ Յովնան արք. Տէրտէրեանը։ Սրբազանը մասնաւոր գնահատեց աշակերտներին՝ պատգամելով մշտապէս լսել ծնողներին, քանի որ նրանք Աստծոյ ներկայացուցիչներն են իրենց կեանքում։ Յորդորեց հոգով ու սրտով սիրել հայրենիքն ու մայր եկեղեցին: Մաղթեց, որ 2025ը լինի խաղաղութեան, բարութեան տարի՝ լեցուն աստուածային սիրով ու հրաշքներով:
Մեզ մնում է միայն շնորհակալութիւն յայտնել Աստծուն անցնող տարուայ համար եւ խաղաղութեամբ, մաքուր սրտով, անկեղծութեամբ, բարութեամբ ու մեծ հաւատքով դիմաւորել գալիք Նոր տարին ու Ս․ Ծնունդը:
– Քրիստոս ծնուեց ու յայտնուեց։
– Օրհնեալ է ծնունդն ու աստուածայայտնութիւնը Քրիստոսի։
Նիւթը՝ «Ասպարէզ»էն