Դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, տեղի ունեցաւ «Կրօնները ազգերի խաղաղ համագոյակցութեան երաշխիք» խորագրով գիտաժողովը` կազմակերպուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան կապերի եւ մշակոյթի կազմակերպութեան հետ համատեղ:
Համաժողովը բացուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի եւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ողջոյնի խօսքերով:
Նաթան արքեպիսկոպոսն իր ողջոյնի խօսքում ներկաներին փոխանցեց նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները:
Այնուհետեւ օրուայ թեմայի շուրջ բանախօսեցին Երեւանի պետական համալսարանի կրօնագիտութեան ամբիոնի վարիչ, փ․գ․թ․պարգեւ Բարսեղեանը («Հայերը Իրանի հասարակական եւ մշակութային կեանքում» (20-21-րդ դարէր)), Իրանի կանանց եւ ընտանիքի մասին հետազօտութիւնների կենտրոնի գիտական կազմի եւ կանանց կրօնագիտական դպրոցի քաղաքական խորհրդի ու կանանց սոցիալ-մշակութային խորհրդի անդամ փ,գ․դ. տիկին Ֆարիբայ Ալասուանդը («Կանանց դերը տարբեր կրօնների հետեւորդների միջեւ խաղաղ համակեցութեան զարգացման գործում»), ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Վարդան Ոսկանեանը («Իրանական ծագման քրիստոնէական եզրոյթների որոշ նմուշներ հայերենում») եւ դոկտոր տիկին Էնսիյէ Ղանազադեհը («Կրօնների խաղաղ գոյակցութիւն Իրանում»):
Գիտաժողովի երկրորդ նիստին զեկոյցներով հանդէս եկան դոկտոր Սեյյեդ Մոնզեր Հաքիմը («Հաւատացեալների սոցիալական պատասխանատուութիւնն այլ կրօնների հետեւորդների նկատմամբ»), ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դասախօս Վարուժան Գեղամեանը («Հայ Առաքելական Եկեղեցու դերը մերձաւորարեւելեան սոցիալ-մշակութային եւ քաղաքական ժամանակակից համակարգերում»), դոկտոր Ջաւադ Ջաֆարին («Կրօնական երկխօսութեան կարեւորութիւնը տարբեր կրօնների հետեւորդների միջեւ խաղաղ համակեցութեան ամրապնդման համար») եւ Գեւորգայն հոգեւոր ճեմարանի ու Սեւանի վազգէնեան դպրանոցի տեսուչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը («Կրօնական երկխօսութիւնը որպէս հակամարտութիւնների յաղթահարման միջոց»):
Վերջում կատարուեց ներկայացուած զեկոյցների ընդհանուր ամփոփում եւ յայտարարութեան տեքստի ընդունում:



