Մարդու իրավունքների պաշտպանության կանադական թանգարանում նշվել է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կանադական մամուլը, լուրը փոխանցելով, նշում է, որ ձեռնարկին մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, որոնց մեջ էին նաև ճանաչված ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանը:
Թանգարանն այդ առթիվ հատուկ ցուցասրահներում ցուցադրել է 20-րդ դարի մեծագույն ոճիրները` ուկրաինական սովասպանդը (հոլոդոմոր), հայոց ցեղասպանությունը, հրեաների ողջակիզումը, Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածը ներկայացնող նյութեր:
Կանադայի Մարդու Իրավունքների թանգարանի պատասխանատուները նշել են, որ թանգարանը պատրաստվում է 2016-ի գարնանը ներկայացնել հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմ: