image
Հրատապ լուրեր:

Իրանահայ նշանավոր աստղագետը 85 տարեկան է

Իրանահայ նշանավոր աստղագետը 85 տարեկան է

Այսօր լրանում է ժամանակակից խոշորագույն հայ աստղաֆիզիկոս, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ Վահե Պետրոսյանի 85-ամյակը։ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Վահե Պետրոսյանի աշխատանքներն ու գիտական արդյունքները հայտնի են թե՛ ԱՄՆ-ում և թե՛ ամբողջ աշխարհում: Նա քվազարների և գալակտիկաների էվոլյուցիայի, տիեզերաբանության, բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և մասնիկային ֆիզիկայի ոլորտում աշխարհի անվանի մասնագետներից մեկն է:

Վահե Պետրոսյանը ծնվել է 1938թ-ի սեպտեմբերի 3-ին Իրանի Արաք քաղաքում։

Պրոֆեսոր Պետրոսյանի գիտական հետաքրքրությունները ներառում են տեսական (հիմնականում` բարձր էներգիաների) աստղաֆիզիկայի և տիեզերաբանության երկու լայն ոլորտներ: Առաջինը ներառում է ոչ ջերմային մասնիկների արագացման, տեղափոխման և ճառագայթման հետազոտությունները, որոնք մշակվել են գլխավորապես արեգակնային բռնկումների և դրանց ռենտգենյան ճառագայթման նկատմամբ կիրառության համար: 

Վահե Պետրոսյանը հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդված: 1973թ-ից սկսած նա ղեկավարել է բակալավրական և մագիստրոսական ավելի քան 30 թեզ և ունեցել է 7 հետդոկտորական աշխատակից:

Պրոֆ Պետրոսյանն արժանացել է Իրանի ազգային կրթաթոշակի (1958-62), Քոռնելի համալսարանի Արդյունաբերական կրթաթոշակի (1963-64) և Ալֆրեդ Պ. Սլոանի հիմնադրամի կրթաթոշակի (1972-74): Նա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ), Ամերիկյան աստղագիտական ընկերության, Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության և Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, 2007-ից) անդամ է, ինչպես նաև Էտա Կապպա Նյու և Տաու Բետա Պի գիտական ընկերությունների անդամ: 2008թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: