image

Իր ժամանակի բարեխիղճ վկան

 Իր ժամանակի  բարեխիղճ վկան

Օգոստոս 25-ին լրացաւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի մահուան 15 տարին: 1940-ականներու կէսերուն, դանդաղ քայլերով, բայց աստիճանաբար գրական կեանքէն ներս ամրանալով, բանաստեղծուհին աւելի ուշ պիտի դառնար տիրական դէմքերէն մին մեր ոչ միայն գրականութեան, այլեւ՝ ազգային-հասարակական կեանքին մէջ՝ իր ինքնատիպ համարձակութեամբ, ոգեշնչող ներկայութեամբ եւ ջղուտ հրապարակագրութեամբ: Շրջան մը կողակիցը մեծահամբաւ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի, ապա առաջատար գրիչներէն մին հայ գրականութեան ճանապարհին, իր անունը պիտի շրջագայէր գաղութէ գաղութ, բեմէ բեմ, թերթէ թերթ, դառնալով համարեա ազգին շրջուն դեսպանը, հայութիւնը շաղկապող կամարը եւ վերջապէս իր ժամանակի բարեխիղճ վկան:

  Պահ մը պրպտեցէք ձեր շուրջ եւ պիտի նշմարէք Սիլվա անուան տարափ մը սերունդի մը մօտ, որպէս ապացոյց անոր ժողովրդականութեան: Գրեթէ ամէն տուն կամ տոհմ Սիլվա մը ունի իր մէջ եւ սա խօսուն փաստն է այն սիրոյն՝ որ ժողովուրդը տածեց արմատներով վանեցի այն բանաստեղծուհիին, որուն մշակած գրականութիւնը ընդգրկեց մարդկային սէրը, վերածնած հայրենիքը, հայրենի հողը, խորհրդային պետութիւնը, լաւատեսութիւնը վաղուան հանդէպ.

          Դու պիտի վրէժ առնես ապրելո՛վ,

          Ապրելով յամա՛ռ, հազարապատի՛կ.

          Աւերումի դէմ՝ քո ստեղծելո՛վ,

          Աւեր Վանի դէմ՝ քո Երեւանո՛վ,

          Աքսորների դէմ՝ խուլ անապատից

          Նորից տուն դարձող քո քարաւանո՛վ,-

          Դու պիտի ապրես այսպէ՛ս, սրանո՛վ:

          Շէնիկի հանդում մորթուած որբի տեղ՝

          Աշնակցի հարսի տասնըչորս որդո՛վ.

          Մշոյ դաշտի մէջ սեւցած խոփի տեղ՝

          Քո տրակտորո՜վ, քո ծուփ-ծուփ արտո՛վ,

          Մարութայ սարի մարած բոցի տեղ՝

          Եօթն աշխա՜րհ ծնող՝ քո եօթ կայանով.

          Տաթեւի կուրցա՜ծ դպրանոցի տեղ՝

          Բիւր ակնո՛վ նայող քո Բիւրականով:

          Հայոց արցունքաչ «Կռունկի՜» տեղակ,

          Սարէ-սար փռուած սեւ-սուգի՜ տեղակ՝

          Յախո՛ւռն, կենսայորդ, սիրտը թո՜ւնդ հանող,

          Հանճարիդ լոյսը աշխարհի՜ն տանող

          Քո սէգ Սարեանով,

          Խաչատրեանով,-

         Դու պիտի ապրես այսպէ՛ս, սրանո՛վ:

                                                                                        1960

  Սիլվա Կապուտիկեան եղաւ այն բախտաւոր հայրենի գրողը, որ Պաղ Պատերազմի տաք օրերուն կարողացաւ դուրս գալ Խ. Միութեան սահմաններէն եւ այցելութիւններ տալ հայկական գաղթօճախներ: Բարի արագիլ մըն էր ան՝ հայրենի հողին, բոյրին, ջուրին, վերելքին, բանուորին ու քաղաքացիին եւ մշակոյթին, գրական նուաճումներուն ականատեսի վկայութիւնները փոխանցելու հայրենաբաղձ հայութեան: Իր ուղեւորութիւնները յուշագրելով, մտորումներն ու ապրումները արձանագրելով հետաքրքրական հատորներով յանձնեց թուղթին՝ հայ ուղեգրութեան ժանրը հասցնելով գեղարուեստական մակարդակի՝ խլելով խոր ուշադրութիւնը ե՛ւ հայրենի ընթերցողներուն եւ սփիւռքահայ զանգուածներուն: Ան սփիւռքի հայատրոփ կեանքին վկան հանդիսացաւ հետեւեալ գործերով՝ «Քարաւանները Դեռ Քայլում Են» (1964), «Խճանկար Հոգու Եւ Քարտէզի Գոյներից» (1985), «Գոյներ Նոյն Խճանկարից» (1989), «Քարաւանները Հեռանում Են» (1999): Այդ ուղեւորութիւնները զինք առաջնորդեցին Լիբանան, Սուրիա, Ֆրանսա, Եգիպտոս, Կիպրոս, Յունաստան, Պուլկարիա, ԱՄՆ, Գանատա, Տուպայ, Ապու Տապի, Իրան եւ այլուր: Միշտ նոյն Կապուտիկեանն է, հայրենասիրութեամբ թաթաւուն, որ հետզհետէ ժողովուրդը (Հայաստանի թէ արտերկրի) զինք կոչեց «Ամենայն Հայոց Բանաստեղծուհի» պատուանունով: Իր այցելութեան հասցէները եղած են՝ դպրոց, մամուլ, ազգային-կուսակցական գրասենեակներ, մշակութային-մարզական ակումբներ, մտաւորականներու հետ զրոյցներ: 1996-ին, Սահակեան-Լեւոն Մկրտիչեան գոլէճ այցելութեան՝ բոլոր Սիլվա անունը կրողները (պաշտօնեաներ, աշակերտներ) համախմբուելով իր շուրջը լուսանկար մը անմահացուցին. անշուշտ, պատկառելի թիւ մըն էր այդ...: 

  Ան իր այս քառահատորեայ շարքը իրաւացիօրէն բնութագրած է՝ «սփիւռքապատում» եւ կը խոստովանի՝ «Տխուր է վերջին գրքի վերնագիրը, սակայն ճշմարիտ է, իրականութիւնից բխած» (քարաւանները հեռանում են)...:

  Ան մօտիկ եղած է հայրենի թէ խորհրդային բազմաթիւ անուանի գրողներու հետ: Կատարած է գրականագիտական վերլուծումներ եւ թարգմանութիւններ: Միշտ բարեխիղճ ուարդարադատ գնահատականներ տուած գրական աշխարհի մեծերու մասին: Ան ուշադիր հետեւած է սփիւռքեան անցուդարձերուն եւ 1983-ին խոր կսկիծով գրած ԱՍԱԼԱ-ի հերոս Լեւոն Էքմեքճեանի կախաղանումի մասին (29 Յունուար 1983) (Անգարայի Էսենպողա օդակայանին մէջ իրագործուած մարտական գործողութեան հերոս 7 Օգոստոս 1982).

          ...Կ'անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,

          Ուրկի՞ց յայտնուեց կախաղանը այս.

          Գիշերը ամբողջ աչքերս բաց են,

          Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին, տղաս:

 

          Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,

          Մինչ այնտեղ՝ ճօճուող քո մարմինն էր սառ...

          Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,

          Մոլորուած, մոլի, սակայն մեզ համար:

 

          Այդ դո՛ւ չմեռար, մենք ենք մեռածը,

          Մենք՝ մեղկութեան մէջ յափրացած սերունդ.

          Կ'աձրեւէ, տղաս... Աշունը թաց է,

          Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...:

  1988-ի ղարաբաղեան շարժման առաջին իսկ օրէն Սիլվա Կապուտիկեան գտնուեցաւ առաջին գիծի վրայ, ծովածաւալ ցոյցերու ժամանակ ունենալով բուռն ելոյթներ: Ան գրող Զօրի Բալայեանին հետ փութաց Քրեմլին՝ ներկայացնելու Արցախի պայթունավտանգ հարցը եւ արդար լուծում պահանջելու Խ. Միութեան ղեկավար Միխայիլ Կորպաչեւէն: Հաւատաւոր համայնավարն ու յարգուած գրողը յուսախաբ վերադարձաւ հոնկէ: Այս հանգրուանին, երբ ներքաշուած էր քաղաքական խճճուած հաշիւներու մէջ, սայթաքելով հակադրուեցաւ Հայաստանի ղեկավար Կարէն Դեմիրճեանին: Իր մասին Կ. Դեմիրճեանի այրին՝ Ռիմա Դեմիրճեան կը գրէ. «Սիլվան, ինչպէս բոլոր նշանաւոր բանաստեղծները, բարդ անհատականութիւն էր, կրակոտ, էմոցիոնալ», «Ինչ էլ որ անէր Սիլվան, ինչպէս էլ վարուէր, նա այդ անում էր իր խղճի թելադրանքով, ղեկավարուելով հասարակութեան համար օգտակարութեան, արդարութեան զգացումով (գուցէ եւ ինչ որ տեղ չափազանցուած)», «Ընդդիմութիւնը նրա բնաւորութեան գծերից էր»: Այս պատճառով, որոշ շրջան մը գժտուած էին երկու հայրենասէր գործիչները՝ պետական մեծ մարդն ու տաղանդաւոր գրողը: Սակայն... 1999 Հոկտեմբեր 27-էն ետք խղճի խայթ ապրելէ ետք, հրապարակօրէն պիտի խոստովանէր «Մենք բաւարար չափով համեստ չգտնուեցինք եւ չլսեցինք մեր ղեկավարի խորհուրդները»...: (Տե՛ս, Ռիմա Դեմիրճեան «Յիշատակ», 2012, Երեւան, էջ 288-296): 

  Քաղաքական առումով ան կատաղիօրէն պայքարեցաւ Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարած ՀՀՇ-ին դէմ, հրապարակաւ մերժեց երկրորդ նախագահ Ռոպէր Քոչարեանի իրեն շնորհած շքանշանը, որպէս բողոք նախագահին վարած ազգային-ընկերային-տնտեսական քաղաքականութեան: Ապա, ան իր քաղաքական հայեացքները, ելոյթները, հարցազրոյցները հրապարակեց հատորով մը՝ «Էջեր Փակ Գզրոցներից» ( 1997, Երեւան, 688 էջ):

  Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս 20 Յունուար, 1994-ին, Սիլվա Կապուտիկեանի մասին կը գրէր.

          Սիլվա Կապուտիկեան՝

                     նորոգ վերածաղկում Վանայ ծովու ոգու,

          Սիլվա Կապուտիկեան՝

                     երգիչը արդար խօսքի մեսրոպեան լեզուով,

          Սիլվա Կապուտիկեան՝

                     պատիւը մեր տան, առնական շնչով.

           Սիլվա Կապուտիկեան՝

                     Սօսեաց անտառը յուսոյ

                     Հայկազեան ցեղի, ռազմի երգերով.

            Սիլվա Կապուտիկեան՝

                     Քեզ գովք ու օրհնանք

                    Սուրբ Էջմիածնի Լուսոյ խորանից:

  Իսկ կարելի՞ է ոգեկոչել յիշատակը մեր ժամանակի բարեխիղճ վկային, առանց վերյիշելու 1944-ին գրած այն պատգամը, որ ամէն աշակերտ սորված, ասմունքած, երգած է անվարանօրէն, ամէն բեմէ լսուած է եւ գրեթէ դարձած է աղօթք մը հայոց լեզուին նուիրուած.

                     Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,

                     Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,

                     Թէ մօ՛րդ անգամ մտքից հանես,

                     Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս...

  Սիլվա Կապուտիկեան ինչպէ՜ս պիտի տառապէր արդեօք այս օրերուն, երբ քարաւանները կը հեռանան սփիւռքէն եւ յա՛տկապէս Հայաստանէն: Երբ լեզուն մոռցող հայորդիք օրըստօրէ կը բազմանան հոս, հոն, այլուր եւ ամէնուր...:

  Խոնարհում՝ մեր ժամանակի բարեխիղճ վկայ-բանաստեղծուհիի յիշատակին:

ԱՒԵՏԻՍ ՌԱԶՄԻԿ

Աւետիս Ռազմիկ

Աւետիս Ռազմիկ

Ծնած եմ 15 Մարտ 1965-ին Պէյրութ: Հօրենական կո...