Ազատ գործունեություն ծավալելու համար պատգամավոր Սամվել Պետրոսյանը հեռացել է ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» խմբակցությունից, սակայն մնացել է որպես փոքրամասնություն՝ բարոյական նկատառումով,-հայտնում է jnews.ge-ն: Կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի խորհրդարանի` Ախալքալաքից ընտրված պատգամավորը «Միացյալ Ազգային շարժում» խմբակցությունից դուրս է եկել խորհրդարանի սեպտեմբերի 21-ի նիստի ժամանակ:
«Ավելի լայնածավալ գործունեություն ծավալելու համար գնացի այդ քայլին: Հարցեր կան, որ կուսակցական սկզբունքով չես կարող բարձրաձայնել:
Օրինակ, ես երկու տարվա մեջ մի քանի անգամ Հայոց ցեղասպանության հարցն եմ առաջ քաշել, փոքրամասնությունների եվրոպական լեզվի խարտիան, կադրային քաղաքականության մասին եմ խոսել, թե ինչու հայկական բնակավայրերում ազգությամբ վրացի են նշանակվում պաշտոնյաները: Տեսնում էի, որ իրենց դուրը այդքան էլ չի գալիս»,- ասել է Ախալքալաքի շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Պատգամավորի ձեւակերպմամբ՝ դուրս գալով ընդդիմադիր «Ազգային շարժում» խմբակցությունից, այսուհետեւ կարող է առավել ազատ աշխատել եւ համագործակցել այլ կուսակցությունների հետ:
«Եթե ֆրակցիայի մեջ ես, ուրեմն էդ շրջանակներից դուրս չես կարող գալ: Ֆրակցիան ունի իր կանոնադրությունն ու սկզբունքը: Հիմա ես ավելի ընդլայնված կարող եմ աշխատել, ազատ կարող եմ քվեարկել այն օրինագծի օգտին, որը ճիշտ եմ գտնում, համագործակցել մնացած կուսակցությունների հետ եւ այլն»,- մեկնաբանել է Պետրոսյանը, ավելացնելով՝ «Մնացի փոքրամասնության մեջ` զուտ բարոյական պահով»: