Իջեւանցիները փակած են Երեւան-Նոյեմբերեան միջպետական ճանապարհը: Անոնք կը պահանջեն հանդիպում Տաւուշի մարզպետ Հայկ Չոպանեանի հետ, որպէսզի հասկնան, թէ ինչ տեղի կ'ունենայ սահմաններուն:
Արշաւի մասնակիցներէն մէկը նշած է. «Շատ չի տեւելու, համապատասխան մարդիկ կը գան, կը բացենք: Մենք ընդամէնը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ մեր հողերի, մեր սահմանի հետ կապուած հող տալու խնդիր չկայ: Այսօր մտահոգութիւն է առաջացել, որ տարածքներ կարող է յանձնեն թշնամուն: Երբ ասում են՝ Տաւուշի մարզի տարածքից ոչ մի մեթր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թէ իրենց ասած Տաւուշի մարզը որտեղից է սկսւում եւ որտեղ է աւարտւում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տաւուշի տարածքում, ինչպէս եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդութեան ակցիաներ իրականացնել, որ ուշադրութեան կեդրոնում պահենք հարցը»:
Պահ մը կիրքերը թէժացան, քաղաքացիները կը պահանջէին բանալ ճանապարհը: Կին մը բորբոքած ըսաւ. «Բացէք ճանապարհը, դերասանութիւն չանէք, թուրքից պեթար էք, բա գնայիք թուրքի դէմը փակէիք, ոչ թէ ձեր կանանց փեշի տակ մտնէիք»:
Տղամարդ մըն ալ կոչ կ'ընէր ոչ թէ գլխաւոր ճանապարհը փակել, այլ որեւէ այլ ճանապարհ:
Այստեղ եկաւ Տաւուշի մարզի ոստիկանապետի տեղակալ Մելքոնեանը, որ արշաւ իրականացնողներուն յորդորեց բանալ ճանապարհը. «Դուք խախտում էք հասարակական կարգը, ձեզ յորդորում եմ ճանապարհը բացել: Մարզպետի հետ հանդիպելու համար բոլորովին կարիք չկայ ճանապարհը փակել, գնացէք մարզպետարան, հանդիպէք մարզպետին»,-ըսած է ան:
Ի վերջոյ, շուրջ 20-30 վայրկեան ճանապարհը փակ մնալէ ետք, բացուած է: