Այս տարի լրացավ հայկական Ակոս թերթի խմբագիր, Թուրքիայի երեւելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարին եւ Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը:
Այս առիթով Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 22-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի: Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների, ինչպես նաեւ օրեր առաջ հրդեհից զոհված 15 զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հրանտ Դինքը վառ անհատականություն էր, որը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը եւ մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշխանություններին: Սակայն ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության եւ առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցությունն ունեցավ: Հրանտ Դինքն ունեցավ հարյուր հազարավոր գաղափարակիցներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաեւ բազում թուրք գաղափարակիցներ, որոնք այսօր էլ պայքարում են ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար:
Իսկ 1990թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը միանշանակ կարող ենք կոչել ցեղասպանություն։ Ռումանիոյ հայոց թեմը եւ ռումինահայությունը հիշում է իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, միեւնույն ժամանակ հիշեցնում աշխարհին ու կոչ անում դատապարտել։ Այսօր էլ Արցախում կատարվող իրադարձությունները վկայում են, որ թշնամու ձեռագիրը չի փոխվել, ավելին՝ անփոփոխ է նաեւ նպատակը:
Մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջեւ եւ լիահույս ենք, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները եւ ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի եւ կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:
Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն:
Ռումինիայի հայոց թեմի մամլո դիվան