image

Հրաշափառ Յարութեան տօնը Պուխարեսթի պատմական Առաջնորդանիստ Մայր տաճարին մէջ

Հրաշափառ Յարութեան տօնը Պուխարեսթի պատմական Առաջնորդանիստ Մայր տաճարին մէջ

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում մեծ շուքով նշվեց Տիրոջ Հրաշափառ Հարության տոնը։ Նախ Ավագ Շաբաթ երեկոյան՝ ապրիլի 15-ին, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ՝  ձեռամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի՝ եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և հաղորդելով Հիսուսի Հրաշափառ Հարության Ավետիսը և Մեծ Պահքի ավարտը։

Ապա կիրակի օրը, ապրիլի 16-ին, մատուցվեց տոնական Սուրբ պատարագ՝ ձեռամբ թեմակալ առաջնորդի և մասնակցությամբ հոգևոր դասի։ Սրբազան Հայրն իր պատգամը հղեց ներկա հավատացյալ ժողովրդին՝ մասնավորապես ասելով․ ,,Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը վերստին խնդություն և ուրախություն է բերել մեր սրտերին: Այսօր դարձյալ օրհնաբանում ենք հարուցյալ Փրկչին՝ ավետելով կյանքի հաղթանակն ընդդեմ մահու՝ ասելով․ ,,Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը,, (Ա Կորնթ. ԺԵ 54-55): Սակայն կյանքի հաղթանակը հնարավոր դարձավ միայն Գողգոթայի և չարչարանաց ճանապարհով, Աստվածորդու խաչելությամբ և հարությամբ։ Ամբոխը Քրիստոսի փոխարեն նախընտրեց ավազակ Բարաբբային, անմեղի փոխարեն ընտրվեց մեղավորը, արդարի փոխարեն` չարագործը, որովհետև իրենց գործերը չար էին, իսկ ով չարիք է գործում, ատում է լույսը (հմմտ.` Յովհ. Գ 19-20): Այսօր էլ պատկերը չի փոխվել, սիրելիներ, այսօր էլ շատ անգամ մեղքերով ծանրաբեռնված աշխարհը նախընտրում է Բարաբբային և խաչն է հանում Քրիստոսին։ Աշխարհաքաղաքական դժվարին այս ժամանակաշրջանում, ավետարանական խոսքի համաձայն, մենք՝ քրիստոնյաներս, այս աշխարհում հոգևոր պատերազմի մեջ ենք, և յուրաքանչյուր քայլափոխի, ամեն մտածումի ու խոսքի մեջ անհրաժեշտ է, որ ընտրենք ճշմարիտն ու բարին, արդար գտնվենք միմյանց ու Աստուծո առջև, անձնական շահը ստորադասենք և զոհաբերենք հանուն ընդհանուրի։ Քրիստոսի հարությունից մինչև այսօր, շուրջ երկու հազար և ավելի տարիներ մարդկությունն անցել է զանազան մարտահրավերների, աղետների ու արհավիրքների միջով, շարունակել է ապրել ու արարել, բայց մշտապես թերացել է հավատի բարի մարտը և հոգևոր պատերազմը մղելու մեջ: Այսօր էլ հաճախ այս կյանքի ժամանակավոր բարիքները առաջնային են համարվում հավիտենականից, այսօր էլ աշխարհը զերծ չէ պատերազմներից, աղքատությունից, անհաշտություններից` հասարակության մեջ, ընտանիքներում, միջանձնական հարաբերություններում, համայնքային կյանքից ներս: Եվ երբևէ ճշմարտապես ու լիիրավ խաղաղություն չի լինի այնտեղ, որտեղ Քրիստոսի փոխարեն նախընտրում են Բարաբբային, անանցի փոխարեն՝ անցողիկը, եթե նախ  չմղենք հավատի բարի մարտը ու չհաղթենք: Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայներ, մեր ժողովուրդը նույնպես անցել է և շարունակում է անցնել Գողոգոթայի և չարչարանաց ճանապարհով, դարեր շարունակ պատերազմել է և հաղթել չարի իշխանությանը, շատ անգամ նահատակվել է, սակայն նույնիսկ մոխիրների միջից հարություն է առել, քանզի հարուցյալ Քրիստոսին է ընդունել որպես իր Տիրոջ ու Փրկչի և իր համար փորված գերեզմաններից հավատքով հառնել է մշտապես: Ցեղասպանության Գողգոթան վերապրած մեր ժողովուրդն այսօր դարձյալ կանգնած է պետականության կորստի, Հայրենիքի մի ստվար հատվածի կորստի առջև, Արցախում երեք ամիս և ավելի շրջափակման մեջ են շուրջ 120․000 հայեր։ Այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք համախմբման, Հայրենիք-Սփյուռք համագործակցության խորացման, համազգային ներուժի ճիշտ օգտագործման և որ ամենից կարևորն է՝ ազգովի ապաշխարության, հոգևոր վերածնունդի և առ Աստված մեծ դարձի, ինչպես տեղի ունեցավ 301թ․, երբ ազգովի ընդունեցինք քրիստոնեությունն իբրև մաշկի գույն և կենսակերպ։ Հայրենիքում անհուն զրկանքներ ու զոհողություններ հաղթահարած մեր ժողովուրդը, Սփյուռքի հետ միասին, պիտի շարունակի պայքարել և պաշտպանել իր արդար դատը, մենք ևս, իբրև Ռումանիոյ հայոց թեմ և ռումանահայություն, պիտի շարունակենք մեր ջանքերը ներդնել Արցախի պաշտպանության, մեր ժողովրդի ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի և մեր երկիրը շրջափակումից դուրս բերելու համար: Այսօր էլ անհրաժեշտ է հավատի բարի մարտը մղել, որպեսզի մեր կյանքում հաստատուն լինեն աստվածային առաքինությունները: Այսօր մեր պատմության կարևոր այն հանգրվանն ենք ապրում, երբ անհրաժեշտ է վերստին վերանորոգել մեր ուխտն Աստծո հետ, մաքառել ազատ ու անկախ ապրելու մեր իրավունքի համար, յուրաքանչյուր ոք իր ծառայության վայրում, իր գործունեության մեջ, ինչպես առաքյալն է ասում.“Հավատի բարի մարտը մղիր և պինդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր”: Հավատարիմ մնանք մեր բարեպաշտ հայրերի քրիստոնեական սուրբ և արդար կյանքի ընտրությանը: Ընտանիքում, անձնական հարաբերություններում և թե առավել ևս ազգային կյանքի մեր մասնակցության մեջ պայծառ պահենք հավատքի լուսավոր ջահը։ Զատկական օրհնաբեր այս օրը աղոթք ենք բարձրացնում, որ Աստված բարգավաճում շնորհի հայոց աշխարհին, խաղաղություն հայոց սահմաններին, բարօրության մեջ պահի ու պահպանի Իր փոքրիկ հոտը` ազգս հայոց՝ ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի։ Հայցում ենք, որ Տերը մեր ժողովրդին պահի միաբան մեր սուրբ հավատքով, ուժ, զորություն և իմաստություն տա մեր զավակներին, որպեսզի մենք էլ առաքյալի պես հայտարարենք հաղթանակած և ասենք․ ,,Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը,,։ Թող հարուցյալ Քրիստոսի շնորհները սփռվեն համայն աշխարհում, որպեսզի դադարեն պատերազմներն ու բռնությունները, բարեկամության ու խաղաղության մեջ բոլոր ազգերը կերտեն մարդկության երազած կյանքը` լի սիրով, համերաշխությամբ և աստվածային օրհնությամբ։ Թող երկնավոր մեր Տերն Իր օրհնության, սիրո ու շնորհների մեջ պահի մեր Հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին, Ռումանիոյ հայոց թեմն ու Ռումանիոյ մեջ գտնվող մեր քույրեին ու եղբայներին` այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամէն,,։

Այնուհետև Առաջնորդանիստ Մայր Տաճարին կից գտնվող «Դուդյան Մշակույթի Տան»-ը, օրհնվեց զատկական սեղանը և տրվեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարություն ավետիսը։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»

 Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան