image

Հայ կամավորական շարժումն Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին

Հայ կամավորական շարժումն Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին

1914 թ. հուլիսի 28-ին երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսվեց մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը՝ Առաջին աշխարհամարտը: Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մասնավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմի մեջ ներքաշված երկրներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ: Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվը անցնում էր 50.000-ը:

Առաջին աշխարհամարտի հենց սկզբում ցարական կառավարությունը զորակոչին համընթաց թույլատրեց կազմակերպել ազգային կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական խմբերի կազմակերպման հարցը քննարկվեց 1914 թ. սեպտեմբերի 21-23-ը Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովում: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվեց ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներ ուներ ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում: Բացի այդ շարժմանը նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու-Յորքի և այլ քաղաքների հայկական կոմիտեները: Կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավեյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո Օհանջանյանը և այլն: Կամավորագրվելու ցանկություն արտահայտեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը. կամավորական շարժումը և Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու մղումը լայն թափ ստացան նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլուր:

Ազգային բյուրոյի պաշտոնական զեկուցագրում նշվում է. «Գործը չափազանց նոր է, և ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե հայ ժողովուրդը, որ դարերով ապրել է ստրկական վիճակում, կարող կլիներ երևան հանել մի այդպիսի մեծ ուժ, որ ինքնակամ կգնար նահատակվելու հայ ժողովրդի ազատագրության համար: Հազարներով էին վազում կամավոր գրվելու՝ ծեր, պատանի, առողջ և հիվանդ, զինավարժ և ոչ զինավարժ….մերժել անկարելի էր: Այս հանգամանքը ապացուցում է, թե հայ ժողովրդի հոգու ներսը որքան մեծ առաքինություններ են թաքնված»:

Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Սկզբնական շրջանում կազմակերպվեցին կամավորական չորս՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատները, որոնց հրամանատարներն էին Անդրանիկը (Օզանյան), Դրոն, Համազասպը (Սրվանձտյան), Քեռին (Արշակ Գավաֆյան): Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Վարդանը (Մեհրաբյան)), 6-րդ հնչակյան (հրամանատար՝ Գրիգոր Ավշարյան, որի զոհվելուց հետո 1915 թ. նրան փոխարինեց Հայկ Բժշկյան) և 7-րդ (հրամանատար՝ Հովսեփ Արղության) կամավորական ջոկատները: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո:

Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները:

Անդրանիկի ջոկատը ռուսական 4-րդ կորպուսի կազմում 1916 թ. հունվարի սկզբներին Վանից շարժվելով Մուշի, Բիթլիսի ուղղությամբ, համառ, արյունահեղ մարտեր մղեց թշնամու գերազանցող ուժերի դեմ և մասնակցեց բազմաթիվ հայկական գյուղերի, քաղաքների ազատագրմանը: Անգամ սաստիկ սառնամանիքը չխանգարեց ազատագրել Բիթլիսը, ինչը ռուսական հրամկազմը անհնարին էր համարում: 1915-1916 թթ. հայ կամավորականների անմիջական մասնակցությամբ ռուսական Կովկասյան բանակն ազատագրեց հայաթափված Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Վան, Բիթլիս, Բաբերդ, Երզնկա, Էրզրում:

Սակայն, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից, իսկ թուրք զորքերը, անցնելով հարձակման, վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։

Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից (հրամանատար Դրո) 1914-1916 թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական:


Նյութը կազմեց  Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտ-հիմնադրամի  գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը