Բեյրութում տեղի են ունեցել Անարատ Հղության հայ քույրերի Ընդհանուր մեծավորուհու ընտրությունները: Ընդհանուր մեծավորուհի է ընտրվել առաքինազարդ ք. Արուսյակ Սաճոնյանը, տեղեկանում ենք Հայ Կաթողիկե եկեղեցուց: Նա փոխարինել է առաքինազարդ ք. Եվդոքսիա Քեշիշյանին, որ ընդհանուր մեծավորուհի էր 10 տարի շարունակ, 4 տարի առաջ ընտրվել էր երկրորդ վեցամյակի համար, բայց պաշտոնից հրաժարվել է հիվանդության պատճառով: Ք. Արուսյակ Սաճոնյանը, ըստ միաբանության կանոնների, կպաշտոնավարի 6 տարի ժամկետով: 2016թ. դեկտեմբերի 30-ին տեղի են ունեցել ընդհանուր մեծավորուհու չորս խորհրդականուհիների ընտրությունները: Այս հինգ անդամները կազմում են միաբանության Ընդհանուր վարչությունը: Ընդհանուր մեծավորուհու ընտրություններին, ըստ կանոնների, մասնակցում է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, ով նաև ընտրություններին ավարտին, իր հայրապետական օրհնությունն է շնորհում նորընտիր մեծավորուհուն:Ք. Արուսյակ Սաճոնյանը Հայաստան կվերադառնա, հավանաբար 2017թ. հունվարի կեսերին: Նա, ինչպես հայտնի է, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Գյումրիի տան մեծավորուհին է, 1990թ.ից վեր իր ծառայել է Հայաստանում, մասնավորապես՝ Շիրակի մարզի համայնքներում և Գյումրիում:
Ք. Արուսյակ Սաճոնյանը ծնվել է 1945թ., Հալեպում՝ Կիլիկիայից գաղթած հայերի ընտանիքում: Դպրոցական ուսումը ստացել է Հալեպի Անարատ Հղության վարժարանում և 19 տարեկանում անդամակցել Անարատ Հղության հայ քույրերի միաբանությանը: Որպես ուխտյալ միաբան՝ քույր Արուսյակն իր բարձրագույն կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում: 1967թ. Քույր Արուսյակի և նվիրյալ մյուս քույրերի ջանքերով Ֆիլադելֆիայում հիմնվեց Անարատ Հղության հայ քույրերի վարժարանը, որտեղ ք. Արուսյակն աշխատեց երկար տարիներ՝ մինչև Հայաստանում հաստատվելը՝ 1990թ.:Ք. Արուսյակ Սաճոնյանը ՀՀ կառավարության կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից՝ Ֆրանսիայի ազգային վաստակների շքանշանով: