image
Հրատապ լուրեր:

Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի 11-րդ համագումարը կը դիմէ ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ Ատրպէյճանի իշխանութիւններուն՝ հայ ռազմագերիները եւ պատանդները ազատ արձակելու համար

Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի 11-րդ համագումարը կը դիմէ ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ Ատրպէյճանի իշխանութիւններուն՝ հայ ռազմագերիները եւ պատանդները ազատ արձակելու համար

Գերմանիայի Կառլսռուէ քաղաքում անցկացուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական պատուիրակութիւնը, հանդէս եկաւ Արցախի, արցախահայութեան եւ նրա հոգեւոր–մշակութային ժառանգութեան վերաբերեալ յայտարարութեամբ:

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

2020 թ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Ի հետեւումն 2020 թուականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/արցախի համար մղուած վեց շաբաթ տեւած ծանր պատերազմի` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր յանձնախումբն ընդունեց յայտարարութիւն` աղօթելով իմաստութեան, միասնութեան ու հանդարտութեան համար եւ սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստնէր են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծուած պատերազմում, այլեւ` տարածաշրջանում ինքնորոշման համար մղուած պայքարի երկար պատմութեան ընթացքում` իւրաքանչիւր թանկագին կեանքի կորստի հետ աւելի խորացնելով թշնամանքըէ: ԵՀԽ -ն դատապարտել է քիմիական զէնքերի եւ կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիւանդանոցների ու հասարակական ենթակառուցուածքների թիրախաւորումը եւ բոլոր այլ տեսակի պատերազմական  յանցագործութիւնները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը եւ այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրուել են հակամարտութեան ընթացքում:  ԵՀԽ-ն նաեւ կոչ է արել յարգանք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի/արցախի սրբավայրերի եւ մշակութային ժառանգութեան նկատմամբ` նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիւ զեկոյցները: 

Լեռնային Ղարաբաղում զինուած հակամարտութեան դադարից գրեթէ երկու տարի անց հարիւրաւոր էթնիկ հայեր տակաւին ապօրինաբար պահւում են Ադրբեջանում` ոտնահարելով ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւեան Կոնուենցիան: Մինչ աշխարհի ուշադրութիւնը սեւեռուած է ուկրաինական հակամարտութեան վրայ, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագութիւններ են իրագործում ինչպէս Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպէս եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետեւանքով շարունակում են զոհուել անմեղ մարդիկ եւ գերեվարուել նորերը: Աւելին, պատերազմական յանցագործութիւնների եւ միջազգային մարդասիրական եւ մարդու իրաւունքերին առնչուող օրէնքների ոտնահարման համար պատասխանատուութեան պահանջը, ինչը բազմիցս արձանագրուել է Human Rights Watch, BBC, the Guardian եւ շատ այլ միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցների կողմից, ցաւօք չի կատարուել կամ յանձ առնուել:

Գերմանիայի Կարլսռուէ քաղաքում հրաւիրուած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ  համագումարը

Դիմում է ՄԱԿ-ին, Եւրամիութեանը եւ Ադրբեջանի իշխանութիւններին, միջազգային իրաւունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին անյապաղ ազատ արձակելու համար,

Կրկին մտահոգութիւն է յայտնում տարածաշրջանի սրբավայրերի եւ հայկական մշակութային ժառանգութեան վերաբերեալ եւ կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրութեան բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարաւոր եւ համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար,

Կոչ է անում Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխօսութիւն սկսելլեռնային Ղարաբաղի հակամարտութեան արդարացի եւ խաղաղ կարգաւորման համար,

Խնդրում է ԵՀԽ-ին եւ ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հաւատարիմ մնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների եւ ժողովրդի նկատմամբ քրիստոնէական համերաշխութեանը` արդարացի եւ կայուն խաղաղութեան հասնելու իրենց ձգտման ճանապարհին: