Բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստը. Հարցազրույց Էմին Խաչատրյանի հետ

Բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստը. Հարցազրույց Էմին Խաչատրյանի հետ

Թ. Մ. - Էմին Ջիվանի Խաչատրյանը ծնվել և ապրում է Գյումրիում: Նա ժպտադեմ, բարե¬սիրտ ու խաղաղասեր տղամարդ է: Պատահական չէ, որ հենց դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ է և ապրում է ազգային հարուստ ավանդույթներով:

Կյանքում, գեղեցիկի որոնումներին զուգընթաց, Էմին Խաչատրյանը եզակի գործեր է ստեղծում: Նրա աշխարհն իր գեղագիտական արժեքով, կառուցվածքով և բնույթով ներազդում է մարդու հոգեվիճակի վրա: Ակամայից հայտնվում ես հավասարակշռության, ներդաշնակության ու խաղաղության սահմանին, սկսում ես ժպտալ. 

Էմինի արվեստի գանձարանում ապրում են անուշաբույր փայտից պատրաստված կամ գունագեղ կտորներից կարված տիկնիկներ, հավերժական երջանկությունը խորհրդանշող մետաղյա ծաղիկներ:

Գեղարվեստական մշակման ենթարկելով նյութը՝ Էմինը հոգի է դնում՝ ստեղծելով իր կերտած աշխարհի բնակիչներին, որոնք, համաձայն վարպետի օրենսդրության, չեն արտագաղթում:

 

Թ. Մ. - Մարդիկ տարբերվում են միմյանցից իրենց ընդունակություններով, որոնց բարձ¬րագույն դրսևորումներն են տաղանդը և հանճարը: Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների բացահայտումը հետևողական աշխատանք է պահանջում: Ինչպե՞ս բացահայտվեց  Ձեր տաղանդը: 

Է. Խ. - (Ժպտում է - Թ.Մ.): Մանկապարտեզում շատ էի սիրում հատկապես ծեփամածիկով ինչ-որ բան պատրաստել, իսկ դպրոցում արդեն կերպարվեստի և աշխատանքի ուսուցման դասերին իմ աշխատանքներն առանձնանում էին: Օգտակար էի լինում հատկապես համադասարանցիներիս, երբ նրանք դժվարանում էին կատարել ուսուցչի առաջադրանքը:

 

Թ. Մ. – Հիշո՞ւմ եք Ձեր առաջին աշխատանքը, որ շրջադարձային է եղել տաղանդի բացահայտման գործում:

Է. Խ. - 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո (այդ ժամանակ 14 տարեկան էի) ստեղծեցի իմ առաջին աշխատանքը՝ «սատանայի գլուխը», որ խորհրդանշում էր չարիքի մարմնացումը: Երկրաշարժը հավանաբար համարել էի «սատանայի գործ»: 

Երկրաշարժից հետո Բարեկամության այգու մեր տնակը մանկությանս քաղցր հուշերի կայանատեղին էր: Բնության հետ հարաբերության մեջ ներդաշնակություն ու հավասարակշռություն էի գտնում: Ժամանակի ընթացքում գիտակցեցի, որ բնության հետ ներդաշնակ լինելու արվեստն ապրեցնում է ինձ՝ որպես ստեղծագործողի: Առանց ցավ պատճառելու բնությանը՝ սկսեցի փայտից տիկնիկներ պատրաստել՝ չխախտելով բնական շարժընթացի հավասարակշռությունը: 

 

Թ. Մ. - Որոշակի հմտություններ յուրացրե՞լ եք Ձեր հայրիկից՝ վարպետ Ջիվանից:

Է. Խ. - Մանկուց ուշադիր հետևում էի հորս աշխատանքներին: Հետագայում հասկացա, որ «վարպետաց դասեր»-ի իմ առաջին ուսուցիչը հենց հայրս է եղել. նա միշտ քաջալերել է ինձ՝ վստահելով մասնագիտական զանազան գաղտնիքներ: 

Թ. Մ. - 1999-2003 թթ. աշխատել եք Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում, որն ի դեպ Հայաստանում մանկական առաջին թատրոնն է ։ Տիկնիկային արվեստի նկատմամբ սերը Ձեզ ճիշտ ժամանակին առաջնորդեց լուսավոր այդ աշխարհ՝ ապրեցնելու և ապրելու: Փաստորեն, հայ մանուկների գեղագիտական դաստիարակությանը նպաստել եք նաև Դուք:

Է. Խ. - Իմ կյանքի պայծառ հուշերի գանձարանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը: Մի հետաքրքիր ասացվածք կա՝ «այն, ինչ փնտրում ես, քեզ է փնտրում»: «Կումայրի» թերթում «պահանջվում է տիկնիկագործ» վերտառությամբ հայտարարության շնորհիվ ծանոթացա թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լևոն Բաղդասարյանի հետ: Միանգամից վստահեց ինձ այդ բարդ և պատասխանատու գործը, որ համատեղեցի արվեստանոցի վարիչի, մոնտաժողի և դեկորատորի աշխատանքների հետ: Այդ ընթացքում մոտ հարյուր տիկնիկ եմ պատրաստել:

 

Թ. Մ. - Հարգելի՛ Էմին, բարեբախտություն եք ունեցել զբաղվելու նաև կավագործությամբ: Աշխատել եք Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյին պատկանող կերամիկայի արտադրամասում: Եթե տիկնիկագործությունն ապահովում է Ձեր ներսի ուրախությունը, ապա ի՞նչ է կավը Ձեզ համար:

Է. Խ. - Կավի հետ աշխատանքն ուրիշ աշխարհ է: Այն օգնում է ստեղծագործողին հասկանալ իր բնավորությունը, ապահովում է արտահայտչականության բազմազանությունը: Մոտ երկու հարյուր խեցեգործական իրերի, անոթների, արձանիկների հեղինակ եմ:

 

Թ. Մ. - Էմին Խաչատրյանի՝ ապագայի վերաբերյալ երևակայական պատկերը՝ մանկության և պատանեկության երազանքը, ավելի քան ամբողջական է: Էմինի երազանքն իր ազդեցությունն է թողել իր՝ որպես անհատի ձևավորման վրա: Ընթերցողին, հատկապես արվեստագետներին կհետաքրքրի, թե որտե՞ղ է ձեռք բերել Էմին Խաչատրյանն իր հմտությունները, ո՞ր հայ կամ օտարազգի վարպետներն են ներդրել նրա ամուր հոգում նպատակին հասնելու հետևողական ու համառ պայքարը, կամքի ուժը, ո՞վ է հորդորել սեփական անձից վեր դասել մարդկանց ու սիրելի աշխատանքը:

Մեծ գործեր կերտող բոլոր անհատ-ստեղծագործողները համեստ են: էմինն իր երազանքի հետքերով գնացել է հստակ գիտակցմամբ, որ իսկական կրթությունն ինքնակրթությունն է:

Էմինը չի դադարում երազել. այժմ մտածում է սեփական արհեստանոցի և ցուցահանդեսների մասին: Նա պատրաստ է իր փորձն ու վարպետությունը փոխանցել բոլոր նրանց, ովքեր շնորհ ունեն: Ավելին՝ հորդորում է չհրաժարվել Աստծու տված շնորհից:

Իր մեջ պահելով Գյումրին որպես ներշնչանքի աղբյուր, բնությունը՝ ինքնամաքրման միջոց, Էմինը երազում է ճանապարհորդել, ինչը կօգնի իրեն կատարելագործել ստեղծագործական միտքը և նպաստել իր աշխարհի բնակեցմանը:

 

ԹԵՀՄԻՆԵ ՄԱՐՏՈՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման

բաժնի ավագ գիտական աշխատող

«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ