Արմինե Կալենցն է պատմել, հետո արվեստաբաններն են հաստատել, որ Բեյրութի «Սուրբ Նշան» հայկական առաջնորդանիստ եկեղեցու խորանի Աստվածամոր պատկերը, որ երկար ժամանակ խորանին էր, Հ.Կալենցը (Հարմանդայան) նկարել է իբրև բնորդ ունենալով իր ապագա կնոջը՝ նույնքան տաղանդավոր նկարչուհի Արմինե Կալենցին: Երկու հայ նկարիչները պսակադրվել են հենց «Սուրբ Նշան»-ում, բայց երկուսն էլ Բեյրութում չեն ծնվել:
Հարություն Կալենցի և Արմինե Պարոնյանի հարսանեկան արարողությունը «Սուրբ Նշան» եկեղեցում. 1943 թ.: Եկեղեցու խորանի Տիրամոր պատկերի հեղինակը Հարություն Կալենցն է
Արևմտյան Հայաստանի Կյուրին փոքրիկ քաղաքում ծնված Հարություն Կալենցը Հալեպից էր Բեյրութ գնացել, իսկ Արմինե Պարոնյանը Դամասկոսից 1930-ականների վերջին հասել էր Բեյրութ՝ նկարչություն սովորելու Կալենցի արվեստանոցում (այդ տարիների համար բացառիկ համարձակ քայլ՝ հայ կնոջ համար): Նրանց երկուսի հետագա ու համատեղ ճակատագիրն արդեն շարունակվել է Հայաստանում: Ես Արմինե Կալենցին հանդիպել եմ մահվանից մեկ տարի առաջ՝ իր տուն-արվեստանոցում և, չնայած կորցրել էր տեսողությունը, բայց այնպես պարզ էր զգում գույները… Զարմանալի տեսարան էր, թե ինչպես էր կուրացած նկարչուհին կապույտի երանգները համադրում…
Այսօր լրանում է Արմինե Կալենցի 100-ամյակը: Նկարչուհին՝ Երևանում, կյանքի վերջին տարիներին
Բեյրութը Արմինեի համար առանձնահատուկ նշանակություն ուներ. այնտեղ էին նրա առջև բացվել արվեստի դռները, այնտեղ էր հանդիպել իր մեծ սիրուն, ամուսնացել, այնտեղ էր ծնվել ավագ որդին…
Արմինե Պարոնյանը՝ Հարություն Կալենցի արվեստանոցում. Բեյրութ, 1942թ.․
Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսի համար Լիբանանի տաղավարի ձևավորումը իրականացրած աշխատանքային խումբը՝ Արմինե Կալենց (Պարոնյան), Հարություն Կալենց (կենտրոնում), երկու ճարտարապետ (անունները ճշտված չեն). Բեյրութ, 1939թ.
1945 թ-ին Բեյրութի լավագույն ցուցասրահներից մեկում՝ Գեղարվեստի Ակադեմիայում Արմինե Կալենցը մեծ ցուցահանդես է ունեցել, որ բացել է Լիբանանի նախագահի եղբայրը` անվանի փաստաբան Սալիմ Ալ Խուրին… Բեյրութի պայթյունից վնասվել է նաև այդ ցուցասրահը: Իսկ Արմինե Կալենցն իր առաջին ցուցահանդեսը բացվել է Հալեպ քաղաքի «Պարոն» հյուրանոցում, որն էլ այդ երկրների պատերազմներից վնասված մեկ այլ պատմական վայր է...
1946 թվականին Կալենցները ներգաղթել են Հայաստան և մեկիկ-մեկիկ «ճաշակել » ներգաղթյալ հայերի և այն էլ՝ արվեստագետների համար պահված բոլոր «անակնկալները»:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի օրը, վնասված հայկական եկեղեցիների լուսանկարները թերթելուց ես անհամբեր փնտրում էի «Սուրբ Նշան» եկեղեցու Տիրամայրը: Եկեղեցին վնասվել էր, Տիրամայրը՝ չկար։ Հետո իմացա, որ այն վնասվել է ավելի շուտ՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին և փոխադրվել Անթիլիաս։
Իսկ այսօր այդ բացառիկ հայուհու՝ Արմինե Կալենցի 100-ամյակն է: Ես կրկին ձեռքս վերցրի նրա հուշերի գիրքը և վերապրեցի Կալենցների կյանքը՝ Բեյրութում, նորից տեսա Լիբանանի Տրիպոլի հնագույն քաղաքի «Հարմանդ» լուսանկարչական սրահն ու Բեյրութի կենտրոնի նրանց արվեստանոցը, բոլոր այն սրահները, ուր ցուցահանդեսներ են ունեցել, գործել են որպես արվեստագետներ… Հարություն Կալենցը Լիբանանի նկարիչների միության հիմնադիրներից է եղել, ընկերների հետ բացել է արվեստի սրահներ, պատկերասրահներ, նկարազարդել պատեր... Այդ վայրերի մեծ մասը վնասվել է Բեյրութի վերջին պայթյունից, իսկ Հարություն Կալենցի՝ 1945 թ.-ին կերտած խճանկարը՝ Բեյրութի Regent Hotel-ի սպասասրահում, վնասվել է Լիբանանի մեկ այլ աղետի՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ...
Բացառիկ հետք են թողել Կալենց-Հարմանդայանները Բեյրութում: Շատ տարիներ առաջ նրանց որդի Սարո Կալենցը Լիբանան էր այցելել և փնտրում էր իր մոր ու հոր թողած ժառանգությունն ու հետքերը ծովափի այդ քաղաքներում՝ Տրիպոլիից մինչև Բեյրութ, Վերդան, Զմմառ և գտավ շատ բաներ:
Հաճախ եմ այցելել Լիբանանի Քեսրուանի լեռան լանջին գտնվող Զմմառի Ս. Տիրամոր վանք ու տեսել գմբեթը՝ Հարություն Կալենցի գործն է, նրանց հարազատների՝ բեյրութաբնակ Հարմանդայանների տներում տեսել եմ Արմինե և Հարություն Կալենցներից բացառիկ նկարներ…
Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի գմբեթի որմնանկարը, գործ՝ Հարություն Կալենցի
Բոլոր այս պատկերները, ցավոք, այսօր, Բեյրութի պայթյունից հետո անչափ տխուր և խամրած են երևում… Հայերի թողած հետքերն այդ քաղաքում, առհասարակ, այս օրերին պատվել են թախծի հաստ շերտերով… Ի՞նչ ճակատագիր կունենան հայերն այնտեղ, ի՞նչ ճակատագիր կունենա այս ամեն ինչը…
Արմինե Պարոնյան (Կալենց). «Մեր տուն-արվեստանոցը Բեյրութում», 1940թ
Լուսանկարները՝ Կալենցների հավաքածուից
Գլխավոր լուսանկարում՝ Բեյրութի «Սուրբ Նշան» եկեղեցին