image

Բելգիա․ Հայ Առաքելական եկեղեցու եւս մեկ նոր եկեղեցական խորհուրդ ընտրվեց

Բելգիա․ Հայ Առաքելական եկեղեցու եւս մեկ նոր եկեղեցական խորհուրդ ընտրվեց

Փետրվարի 22-ին Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում կայացան Ծխական ընդհանուր ժողովն ու ծխական խորհրդի ընտրությունները՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի օրհնությամբ եւ նախագահությամբ։ Ժողովին ներկա էր նաև համայնքի հոգեւոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Պեսքիսիզյանը, տեղեկանում ենք համայնքից։ 

Ընտրական գործընթացին մասնակցեցին 53 անդամներ, քվեարկության արդյունքում 10 թեկնածուներից 5-ը ընտրվեցին, իսկ 2-ը նշանակվեցին որպես պահեստային անդամներ։ Ընտրությունները տեղի ունեցան Սրբազան Հոր բարձր հովանու ներքո՝ ապահովելով արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընթացակարգ։  

Ընտրությունների ավարտին Խաժակ Սրբազանը համայնքի հետ միասին շնորհավորեց նորընտիր խորհրդի անդամներին։ Այնուհետև եկեղեցական խորհրդի նոր անդամների հետ անցկացվեց ժողով, որի ընթացքում Վարդգես Մարգարյանը փակ քվեարկությամբ ընտրվեց Ատենապետ։  

Հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին Գերարդսբերգենի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Սրբազան Հոր հանդիսապետությամբ։  

Իր պատգամում նա նախ օրհնեց ծխական խորհրդի ընտրությունների  նշանակալի իրադարձությունը։ Խոսելով ծխական խորհրդի դերի մասին՝ նա կարեւորեց դրա առաքելությունը՝ աջակցել եկեղեցու առօրյա գործունեությանը, նպաստել համայնքի հոգեւոր, կրթական եւ մշակութային զարգացմանը, ինչպես նաեւ խրախուսել համայնքի անդամների ակտիվ մասնակցությունն ու նվիրվածությունը։  

Սրբազանն ընդգծեց միասնության եւ հավատքի ամրապնդման կարեւորությունը, նշելով, որ Հայ Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավաքական ուժի և ինքնության պահպանման անկյունաքարը։  

Իր խոսքի ավարտին Սրբազան Հայրը կոչ արեց բոլորին միասնաբար, սիրով եւ նվիրվածությամբ շարունակել իրենց ծառայությունը եկեղեցուն ու ազգին։