image
Հրատապ լուրեր:

Աւինեանը տարակարծութիւններ ունի իշխող խումբին հետ

Աւինեանը տարակարծութիւններ ունի իշխող խումբին հետ

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Աւինեանը տարակարծութիւններ ունի իշխող խումբին հետ:

Այդ մասին ան յայտնած է դիմատետրի էջին կատարած գրառման միջոցաւ, որ մասնաւորապէս գրած է.-

«Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կեդրոնանալ պաշտօնական պարտականութիւնների կատարման վրայ՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանաւորուած էր նախընտրական ցուցակի հետ կապուած որոշ տարաձայնութիւններով:

Մեր պայքարը հիմնուած է ժողովրդավարութեան, ազատութեան, կոռուպցիայի (փտածութեան) բացառման սկզբունքների վրայ: Այդ համատեքստում մեր պետութեան զարգացման այս փուլի առաջնահերթութիւն ենք դիտարկում ժողովրդավարութեան հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ) եւ կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դէմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաեւ բիզնեսի ու քաղաքականութեան տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմուած նախընտրական ցուցակի դէպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանուում էր, եւ մենք որեւէ ձեւով չէինք շեղուում դրանից: Այնուհանդերձ, համոզուած եմ, որ պիզնեսի ու քաղաքականութեան տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարաւոր ռիսկերը կառավարուելու են: Ինքս մնալու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան անդամ եւ ամէն կերպ աջակցելու եմ, որպէսզի 2018թ. սկսած մեր բոլոր բարեփոխումները շարունակուեն:

Թողնելով ՀՀ փոխվարչապետի պաշտօնը՝ մեր երեք տարիների աշխատանքը գնահատում եմ արդիւնաւէտ եւ իմ կողմից համակարգուած ոլորտներում համոզուած կերպով կարող եմ խօսել առաջընթացի մասին:

Նախ, կորոնավիրուսի (պսակաձեւ ժահրի) համավարակի եւ պատերազմի փուլերում մենք կարողացանք կանխել տնտեսութեան հնարաւոր փլուզումը: Աւելին՝ տնտեսական հակաճգնաժամային եւ զարգացման ծրագրերով սոցիալական ապահովութեան, գիւղատնտեսութեան, էներգետիկայի (ուժանիւթի), քաղաքաշինութեան եւ այլ ոլորտներում թոյլ չտուեցինք իրավիճակի վատթարացում՝ միաժամանակ ապահովելով զարգացման իրական նախադրեալներ: Կարեւորում եմ նաեւ պետական կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարութեան մշակումը  թուայնացման ոլորտում առկայ ձեռքբերումները: Այս ամէնը հրաշալի հիմք են ստեղծում մեր երազած պետութեան կառուցման համար»: