image

Ատրպէյճանցիք արգիլած են մեր 27 հայրենակիցներու մուտքը՝ Արցախ

Ատրպէյճանցիք արգիլած են մեր 27 հայրենակիցներու մուտքը՝ Արցախ

Արցախի պետական նախարար Գուրգէն Ներսիսեան յայտարարած է, որ ատրպէյճանցիները ապրիլ 4-ի ուշ երեկոյեան Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակուած հատուածին մէջ արգիլած են արցախցիներու մուտքը Արցախ։

Գուրգէն Ներսիսեանի գրառումը՝ ստորեւ․

«Դեռեւս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Արցախի ողջ բնակչութեանը թողնելով հումանիտար բեռնափոխադրումների յոյսին: Հարիւրաւոր արցախցիներ մնացել են Հայաստանի Հանրապետութիւնում եւ գրեթէ չորս ամիս է չեն կարողանում վերադառնալ Արցախ՝ իրենց բնակավայր:

Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թուով 27 քաղաքացիների (ներառեալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մօտակայքում՝ ճանապարհի արգելափակուած հատուածում Ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթեւեկութիւնը: Տեղում ադրբեջանցիների միջամտութեան պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողութիւնը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնութեան մեքենայի ժամանումը եւ նշուած չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիւանդանոց: Իսկ մնացածներին ռուս խաղաղապահները հիմա վերադարձնում են քաղաք Գորիս, քանզի երկարատեւ ու յամառ բանակցութիւնները որեւէ արդիւնք չեն տուել:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար յայտարարող Ադրբեջանը այսօր բացայայտօրէն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիւ հակառակ մօտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիօրէն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց յանցաւոր վարքագիծն ու մտադրութիւնը:

Դէպքի հանգամանքների մասին առաւել համոզիչ փաստերը կը ներկայացուեն աւելի ուշ»: