image
Հրատապ լուրեր:

Արդյո՞ք փոխվել է Թուրքիայի մոտեցումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Արդյո՞ք փոխվել է Թուրքիայի մոտեցումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Վերջին շաբաթներին Հայաստանի հանրային ու քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցն է։

Թեմայի ակտիվացման համար ազդակ դարձավ Հայաստանի և Թուրքիայի քաղաքական առաջին դեմքերի «հեռավար հաղորդակցությունը»՝ փոխադարձ ազդակների և ուղերձների փոխանակումը։ Սակայն, գլխավոր հարցն այն է, թե որքանով են երկու կողմերի օրակարգերը համընկնում կամ արդյո՞ք փոխվել է թուրքական մոտեցումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Թերևս հարկավոր է արձանագրել, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել անկախության 30 տարիների ընթացքում և արտահայտվում է 3 բառով՝ «կարգավորում առանց նախապայմանների»։ Այն արտահայտված է նաև օգոստոսի 18-ին ներկայացված կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում, որտեղ գրված է․ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»: 

Սակայն, Հայաստանի իշխանությունների դրական, կառուցողական դիրքորոշման պայմաններում կարգավորման գործընթացը բացակայել կամ դրա հնարավորությունը ձախողվել է՝ բախվելով Թուրքիայի նախապայմանների տրամաբանությամբ  քաղաքականությանը։ Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր հարաբերությունների կարգավորման ներկայացրել է հիմնական 3 նախապայման՝ Արցախի խնդրի «արդարացի» լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիա-Հայաստան սահմանի ճանաչում կամ այլ կերպ՝ Կարսի պայմանագրի ճանաչում։

Հայ-թուրքական հարաբերություններում ձնհալի միտումներ նկատվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը նախորդող և հաջորդող կարճ ժամանակահատվածում։ Սակայն, 2010թ.-ին արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումն սկսեց անթաքույց կերպով կապել արցախյան հիմնահարցի լուծման հետ՝ այդ կերպ ձգձգելով արձանագրությունների վավերացումը և դուրս գալով առանց նախապայմանների առաջ գնալու տրամաբանության շրջանակից։ Արդյունքում Հայաստանը հետ կանչեց իր  ստորագրությունը։

Հաջորդող տարիներին հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայի օրակարգից դուրս մղվեց, իսկ դրանց մասին հազվադեպ արվող հայտարարություններն ընդամենը արձանագրում էին խնդրի գոյությունը։

 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը կրկին օրակարգում հայտնվեց արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Այս առերևույթ փոփոխության առաջին քայլն արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական շքերթից հետո Թուրքիա վերադառնալու ճանապարհին արած հայտարարությամբ։ Էրդողանի այս հայտարարությանը հետևեցին  արտաքին քաղաքականությունը ձևավորող այլ գործիչների՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անդրադարձներն հայ-թուրքական հարաբերությունների թեմային։

Այս հայտարարությունները պարուրված էին պայմանական ենթատեքստով․ «եթե Հայաստանը իրականացնի ստանձնած պարտավորվածությունները», «եթե դրական քայլեր կատարի», ապա «Թուրքիան կարող է դրական քայլերով պատասխանել»։

Հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո արված հայտարարություններում այս «եթե»-ների շարքը ուրվագծում էին այն հնարավոր նախապայմանները, որոնք հետագայում՝ պայմանականորեն սկսած 2021թ․ ամռանից, ավելի առարկայական տեսք ստացան թուրքական կողմի հայտարարություններում։

Մասնավորապես  դա երևում է օգոստոսի 29-ին Բոսնիա և Հերցեգովինայից Թուրքիա վերդառանալու ճանապարհին թուրք լրագրողներին Էրդողանի տված ավանդական հարցազրույցում, որտեղ տողատակերում ավելի առարկայական են ձևակերպված այդ նախապայմանները։

Էրդողանի հայտարարությունից պարզ է դառնում, որ ինչքան էլ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, թե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվել է, այնուամենայնիվ, Արցախի հարցը նոր փաթեթավորմամբ շարունակում են պահել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման։ 

Հարցազրույցում խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկի մասին հիշատակելով՝ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Արցախի հարցի վերջնական լուծման  հետ։ Արցախի հետ է կապվում նաև Էրդողանի հետևյալ խոսքերը․ «Եթե անգամ հայացքների/կարծիքների և սպասելիքների տարբերություններ կան, վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու համար անկեղծ ջանքեր գործադրելը, այդ թվում նաև միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելը պատասխանատու գործելաոճ կլինի»։

Այս հատվածը վերաբերում է նաև Թուրքիայի կողմից ներկայացվող մյուս նախապայմանին՝ Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանները ճանաչելուն։ Իսկ դրանք ժամանակին սահմանվել էին հենց Կարսի պայմանագրով։

Նախապայմանների շարքում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարման հարցը։ Այն արտահայտվել է Էրդողանի՝ «նորագույն պատմությունը չպետք է թշնամության աղբյուր լինի», «միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է տիրապետող լինեն առաջ նայող, իրատեսական մոտեցումները» ձևակերպումներով։

 Որպես պատերազմի արդյունք ուրվագծվում է նոր նախապայման, որը կարելի է դիտարկել նաև նոր փաթեթավորում ստացած արցախյան նախապայմանի համատեքստում։ Այն է՝ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանի ապաշրջափակման հարցում թուրք-ադրբեջանական «միջանցքի օրակարգը»։

 

Թուրքական կողմն այն ներկայացնում է, որպես տարածաշրջանի բոլոր երկրների համար շահավետ նախագիծ, որի շնորհիվ «նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կվերափոխեն Հարավային Կովկասը»։ 

Համեմատելով պատերազմից առաջ և հետո հարաբերությունների կարգավորելու հարցում Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումը՝ կարելի է արձանագրել, որ երկու պետությունների մոտեցումները բովանդակային լուրջ փոփոխություններ չեն կրել։ Հայկական կողմը շարունակում է պնդել, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որևէ նախապայմանի։ Իսկ Թուրքիան շարունակում է առաջ քաշել իր նախապայմանները՝ պարզապես փոփոխվելով դրանց մատուցման փաթեթավորումը, իսկ դրանցում բովանդակային փոփոխությունների բացակայությունը քողարկելով 44-օրյա պատերազմի արդյունքներով պայմանավորված նոր իրավիճակով:

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան

Անահիտ Վեզիրյան, թուրքագետ է։ Ավարտել է Երևան...