image

Արցախ. Գետաւան շրջանին մէջ ատրպէյճանցիներ բռնութիւն գործադրած են հայ երիտասարդներու նկատմամբ

Արցախ. Գետաւան շրջանին մէջ ատրպէյճանցիներ բռնութիւն գործադրած են հայ երիտասարդներու նկատմամբ

Ատրպէյճանցիները սադրանքի դիմած են Մատաղիս-Քարվաճառ երթուղիի Գետաւան համայնքի տարածքին մէջ: Այս մասին կը յայտնած են Արցախի Հանրապետութեան ներքին գործոց նախարարութեան ոստիկանութենէն:

«Սոյն թուականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպուել էր ատրպէյճանական բեռնատարների շարասիան երթեւեկութիւնը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասիան մէջ եղել է մէկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ատրպէյճանցիներով։

Տեխնիկական պատճառներով շարասիւնը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետաւան համայնքում, որից յետոյ մարդատար մեքենայի ատրպէյճանցիները դուրս են եկել մեքենայից եւ սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսեւորել տեղում գտնուող հայ երիտասարդների նկատմամբ։

Այդ հողի վրայ առաջացել է վիճաբանութիւն, որի ընթացքում նշուած ատրպէյճանցիներին միացել են նաեւ բեռնատար մեքենաների վարորդները եւ բռնութիւն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վէճը դադարեցնելու նպատակով նոյն տեղանք են ներկայացել նաեւ երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմեանց։

Միջադէպի մասնակիցները ստացել են թեթեւ մարմնական վնասուածքներ։ Վնասուել է նաեւ ատրպէյճանական մարդատար մեքենան։

Ըստ նախնական տեղեկութիւնների, Քաղաքացիական հագուստով անձինք Ատրպէյճանի զինուած ուժերի եւ ռազմական ոստիկանութեան ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ նշուած երթուղու պարբերաբար կիրառումը պէտք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

Արցախի Հանրապետութեան ոստիկանութիւնն այս պահին միջոցներ է ձեռնարկում դէպքի հանգամանքները պարզելու եւ փաստագրելու ուղղութեամբ։

Միջադէպի մասին տեղեկացուած է նաեւ Ռուսիոյ Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը»,- յայտնած են ԱՀ Ոստիկանութենէն։