Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հիւրընկալեց ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղեանին:
Վեհափառ Հայրապետը եւ ՀՀ ԳԱԱ նախագահը գոհունակութեամբ անդրադարձան Հայ Եկեղեցու եւ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի միջեւ ձեւաւորուած գործակցութեանը, ինչպէս նաեւ Ակադեմիայի արձանագրած մեծ դերակատարութեանը Հայաստանում հիմնարար գիտութիւնների տարբեր ճիւղերի զարգացման գործում:
Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ԳԱԱ նախագահին, Ակադեմիայի անդամներին ու գիտութեան նուիրեալներին, որոնք շարունակում են ազգային գիտական այս հաստատութեան լաւագոյն աւանդոյթները եւ իրենց գիտելիքներն ու փորձառութիւնը ծառայեցնում ի նպաստ հայրենիքի շէնացման ու հզօրացման:
Զրուցակիցները կարեւորեցին առկայ մարտահրաւէրների պայմաններում երիտասարդ սերնդի մէջ ազգային-հոգեւոր արժեհամակարգի ամրապնդումը, հայրենիքի հանդէպ պատասխանատուութեան բարձրացումը, նաեւ երիտասարդ գիտնականների ներուժի բացայայտումը եւ գիտական գործունէութեան խթանումը: