Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային հիմնադրամի նախագահը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային հիմնադրամի նախագահը

Մարտի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային հիմնադրամի նախագահ փ․գ․դ․ Վալերի Ալեքսէեւին:

Հանդիպմանը հիմնադրամի նախագահը, ուրախութիւն յայտնելով վերստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցի առիթով, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց անցած տարիների ընթացքում հիմնադրամի արձանագրած ձեռքբերումները եւ առաջիկայ անելիքները: Այս կապակցութեամբ պրն․ Վ․ Ալեքսէեւը տեղեկացրեց նաեւ ԱՊՀ երկրներում 2023 թուականը ռուսաց լեզուի տարի հռչակման առիթով հիմնադրամի կողմից ծրագրուող միջոցառումների, ի մասնաւորի «ռուս գրողները եւ ուղղափառութիւնըէ տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդէսի վերաբերեալ: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերելով Ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային հիմնադրամի նախագահին, գնահատանքով անդրադարձաւ հիմնադրամի գործունէութեանը, որն ուղղուած է քրիստոնեայ ժողովուրդների միջեւ հոգեւոր-մշակութային կապերի ընդլայնմանն ու զօրացմանը, հոգեւոր-բարոյական արժէքների պաշտպանութեանն ու ամրապնդմանը, Եկեղեցիների հոգեւոր, կրթական ու սոցիալական առաքելութեանը սատարելուն: Նորին Սրբութիւնը ողջունեց նաեւ ներկայացուած ծրագրերը, որոնք պիտի նպաստեն փոխճանաչմանը եւ ժողովուրդների միջեւ մշակութային կապերի սերտացմանը:

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց երկրների եւ ժողովուրդների առջեւ ծառացած մարտահրաւէրներին, տարածաշրջանում առկայ անվտանգային սպառնալիքներին, ինչպէս նաեւ խաղաղութեան եւ կայունութեան հաստատման ուղղութեամբ ներդրուող ջանքերին: