image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատիստ Լեւոն Արոնեանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատիստ Լեւոն Արոնեանը

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գաւաթակիր Լեւոն Արոնեանին եւ նրա տիկնոջը Արիանայ Կաոիլիին:

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհաւորելով տաղանդաւոր շախմատիստին, ընդգծեց, որ նրա հերթական յաղթանակը մեծ ուրախութիւն պարգեւեց ամէնքին՝ փառք եւ պատիւ յաւելելով հայոց ազգին եւ հայրենի երկրին։ Նորին Սրբութիւնը նշեց, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրուող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանուել Արոնեանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր շնորհաւորանքներն ուղղեց նորապսակ զոյգին՝ մաղթելով, որ Աստուած ուղեկից լինի նրանց եւ պարգեւի մշտական յաղթանակներ անձնական կեանքում եւ շախմատի ոլորտում:

Իր հերթին Լեւոն Արոնեանը, շնորհակալութիւն յայտնելով հայրապետական գնահատանքի համար, Նորին Սրբութեանը տեղեկութիւններ փոխանցեց առաջիկայ մրցոյթների մասին։ Խօսելով արձանագրած յաջողութիւնների մասին՝ գրոսմայստերը շեշտեց, որ ժողովրդից ստացած սէրն ու յարգանքը պէտք է ջանայ այսուհետ եւս վերադարձնել յաղթանակների տեսքով։