image

AMAA-ի «Շողիկ» ճամբարը երեխաներին կընդունի նորակառույց մասնաշենքերում

AMAA-ի  «Շողիկ» ճամբարը երեխաներին կընդունի նորակառույց մասնաշենքերում

Կայացել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հանքավանի «Շողիկ» ճամբարի նորակառույց մասնաշենքերի բացման արարողությունը:

AMAA-ից տեղեկանում ենք, որ շինարարությունն իրականացվել է երկու փուլով, եւ արդյունքում Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում մանուկներին եւ պատանիներին արդեն նորացված մասնաշենքերում կդիմավորի «Շողիկ» ճամբարը, որ իր ուրույն տեղն ունի հայաստանյան ճամբարային կյանքում:  

Մասնաշենքերից մեկի հիմնանորոգումը հնարավոր է դարձել Դարակչյան ընտանիքի առատաձեռն նվիրատվության շնորհիվ: Բացմանը ներկա  են եղել բարերար ընտանիքի անդամներից, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ղեկավարներ, աշխատողներ:

Հանքավանի «Շողիկ» ճամբարը  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA)՝ երեխաների համար իրականացվող հերթական ծրագրերից է, որ կազմակերպվում է ամառային շրջանում՝ անվճար հիմունքներով: Չորս հերթափոխով անցկացվող ճամբարին մասնակցում են հարյուրավոր երեխաներ՝  Հայաստանի տարբեր մարզերից։

Ճամբարն ունենում է հագեցած ծրագիր՝ զվարճալի եւ ինտելեկտուալ խաղեր, բովանդակալից դասեր, աստվածաշնչյան սերտողություն, երեկոյան ժամանցային ծրագրեր, ինչպես նաեւ՝ ճամբարային անակնկալներ, որոնց սպասում են հարյուրավոր երեխաներ ու պատանիներ: