image

«1980-ականներին ԽՍՀՄ-ում կրկին խոզագրիպ կար, բայց անունը չէին հայտնում». լիբանանահայ բժիշկ

«1980-ականներին ԽՍՀՄ-ում կրկին խոզագրիպ կար, բայց անունը չէին հայտնում». լիբանանահայ բժիշկ

Լիբանանահայ հայտնի բժիշկ Րաֆֆի Փոլադյանը Հայաստանում բռնկված Ա գրիպի H1N1 ենթատեսակի մասին ասաց, որ ամենայն հավանականությամբ  վարակը Հայաստան է ներթափանցել Իրանից, նկատի ունենալով, որ Իրանում  խոզի գրիպի տարածում կա,  իսկ իրանցիների  շփումները Հայաստանի հետ ակտիվ են, հիշեցնելով նաև, որ Իրանում  մահացության մեծ թվեր են արձանագրվել՝ 128 հոգի, իսկ Հայաստանում մահացած մարդկանց թիվը նկատի առնելով՝ բժիշկը իրավիճակը համաճարակ չի համարում. «Հայաստանցիները սովորություն ունեն խուճապի մատնվել և ամեն ինչի մեջ մեղավորներ փնտրել՝ սկսած պետական ամենաբարձր պաշտոնյայից մինչև սովորական աշխատող, բայց սա այնպիսի մի վարակ է, որ շատ երկրներում կա, ընդ որում՝ նոր վարակ չէ: Հայաստանում 1980-ականներին  կրկին գրիպի բռնկում եղավ, ես այն ժամանակ Երեւանի Բժշկականի ուսանող էի, բուհերը, դպրոցները մեկ շաբաթով փակեցին, մարդկանց ցուցմունքներ տվեցին՝ ինչ անել տնային պայմաններում, պոլիկլինիկաներում պաստառներ էին փակցրել՝ զգուշացեք գրիպից: Մարդիկ լսում էին բժշկի ցուցմունքները և առանձնապես խուճապ էր չկար, քանի որ ասում էին ընդամենը գրիպ է, բայց ամենայն հավանականությամբ այս նույն ենթատեսակն էր: Հիշում եմ՝  «Վրեմյայով» հաղորդեցին, որ գրիպից հարյուրավոր մարդիկ են մահացել»,-հիշում է լիբանանահայ բժիշկը: «Մեծ տերությունները սովորաբար պահում էին նման հիվանդությունների անունները, 1918-1920 թվականներին ԱՄՆ-ում և Կանադայում այս հիվանդության հետևանքներից 100 հազար մարդ մահացավ, բայց մենք տասը տարի է՝ գիտենք այս մասին, այսօր արդեն Համացանցի այս պայմաններում հնարավոր չէ պահել»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ խուճապի կարիք չկա, սակայն առաջին նշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Ըստ նրա, վտանգավոր է հատկապես քթից արյունահոսությունը, նշաններից են  բարձր ջերմությունը, մարմնի կոտրտվածության զգացումը: Րաֆֆի Փոլադյանի խոսքերով՝ ռիսկի խմբում են երեխաները, հղիները, խրոնիկական հիվանդություններ,   քաղցկեղ և ՄԻԱՎ ունեցողները, օրգանների պատվաստում կատարած մարդիկ, օրգանները հեռացրած և ցիտոստատիկներ ստանող հիվանդները: 

Լիաբանահայ բժիշկը խորհուրդ տվեց բարձրացնել մարմնի դիմադրողականությունը՝ D և  C վիտամինների միջոցով, ընդ որում՝ դեղատնից գնված  C վիտամինը  չընդունել տասը օրից ավելի, օգտագործել բնական միջոցներ,  շատ լինել մաքուր օդում, կլանել արևի ճառագայթներ, օդափոխել տներն ու գրասենյակները, հեռու մնալ հիվանդներից, զբաղվել սպորտով:  Նա հիշեց Հայաստանում տարածված մի սովորություն, երբ աշխատավայրերում ընդմիջումներին մեկ  ափսեից և նույն ուտելիքներից  ընդհանուր օգտվում են, ինչը կարող է բարձրացնել  հիվանդ մարդուց վարակի փոխանցումը և խորհուրդ տվեց զերծ մնալ այդ սովորույթից:

«Արևելքի» հետ զրույցում բժիշկ Փոլադյանը նաև ասաց, որ օդի ցածր ջերմաստիճանն ու քամիները նույնպես նպաստում են վարակի տարածմանը, պետք է ուղղակի սպասել եղանակի տաքացմանն ու հետևել բժիշկների խորհուրդներին: