Սփյուռքի հայտնի երաժշտական խմբերից մեկի՝ «Զուլալ» ակապելլա եռյակի անդամները՝ Երազ Մարգարյանը, Անաիս Ալեքսանդրա Թեքերյանը և Թենի Աբելյանը Հայաստանում են: Շաբաթավերջին՝ հուլիսի 16-ին և 17-ին Կամերային Երաժշտության տանը տեղի կունենան խմբի առաջին համերգները՝ Հայաստանում, որ իրականություն դարձավ «Deem Communications» ընկերության միջոցով, որն արդեն փորձ ունի սփյուռքի լավագույն արվեստագետներին Հայաստան հրավիրելու գործում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զուլալի» անդամները ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը՝ Գեթթի թանգարանի համերգից մինչև Կարնեգի հոլ, ուր, ինչպես նշեց խմբի անդամներից Երազը, հնչել է հայ գեղջուկի ստեղծածը՝ հովվի երգից մինչև հայ մամիկի օրորը: Խմբի անդամները միմյանց հանդիպել են պատահական, սակայն այդ պատահականությունը համարում են ճակատագիր, որն իրենց հաջողություն է բերել ողջ հայաշխարհում: Չնայած լավագույն բեմերում համերգներին, ձայնասկավառակների հաջողությանն ու ճանաչմանը, զուլալցիները նշում են, որ երաժշտությունը երկրորդ մասնագիտություն է իրենց համար: Երազ Մարգարյանը մասնագիտությամբ հոգեբան է, Անաիս Ալեքսանդրա Թեքերյանը՝ թատերագիր, իսկ Թենի Աբելյանը՝ երեխաների կրթության մասնագետ: «Բոլորս միասին յոթ երեխա ունենք»,-«Արևելքին» հայտնեց Երազ Մարգարյանը, նշելով, որ խմբի անդամների միջև տարաձայնությունները ստեղծագործական են, ուրիշ հարց չի կարող լինել: «Ընկեր ենք, քույր ենք, մի ընտանիք ենք»,-խմբի մասին ասաց Թենի Աբելյանը:
Նրանք նաև հաճելիորեն զարմացած էին, որ Հայաստանում միակ համերգի տոմսերն արդեն սպառվել են, ինչի պատճառով «Deem Communications» ընկերությունը երկրորդ համերգն է նշանակել: