Ինչպես ծանուցում է israelnetz -ը, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հունվարի 19-ին, այցելելով Բեթղեհեմի Ծննդյան եկեղեցի, քրիստոնյաներին արժեւորել է՝ նրանց «երկրի աղ» անվանելով: Այդ մասին տեղեկացնում է «Ազգը»՝ հղում անելով israelnetz-ին: Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ հին տոմարով հայկական սուրբծննդյան տոնին մասնակցելով՝ նախագահը քննադատություն է հնչեցրել Իսրայելի հասցեին՝ գրավյալ տարածքները նկատի առնելով: Նա ընդգծել է, որ պաղեստինցիների և հայերի պատմությունից քաղած փորձառությունը համեմատելի է: Աբբասը լավագույն ողջույններն է հղել «Պաղեստինում, Հայաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայ եղբայրներին», իր պաշտոնակից Սերժ Սարգսյանին հեռակա հրավիրել Պաղեստին, գրում է israelnetz-ը, հղում անելով պաղեստինյան WAFA գործակալությանը: «Պաղեստինցիներս հայերի նման ճնշվել ենք, ահաբեկության ենթարկվել, բռնի տեղահանվել, 1948-ին արտագաղթել»: Այնուհետև Աբբասն ընդգծել էՙ քրիստոնյաների արտագաղթի դեմ իր կեցվածքը: «Մենք ծառայում ենք նույն աստծուն, նույն հայրենիքին, մտահոգվում ենք նրա համար: Ով կոչ է անում քրիստոնյաներից, առաջին հերթին հայերից ազատվել, նախանձից թող պայթի, քանի որ հայերը միշտ մնալու են Երուսաղեմում, Ռամալլահում եւ Բեթղեհեմում»: