image

Խորհրդարանական գամբիտ. ԱԺ Հանձնաժողովների բաշխման քաղաքական անատոմիան

Խորհրդարանական գամբիտ.  ԱԺ Հանձնաժողովների բաշխման քաղաքական անատոմիան

Վերջին օրերին հանրային քննարկումների կենտրոնում է մի իրավիճակ, որն առաջին հայացքից դասական քաղաքական անեկդոտ է հիշեցնում։ Իններորդ գումարման Ազգային ժողովում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իր իրավունքն օգտագործեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համար, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի համար։

Այս պատկերն արտաքուստ տարօրինակ է՝ հատկապես հաշվի առնելով, որ իշխանությունն իր նախընտրական հիմնական ուղերձներից մեկը կառուցել էր դեպի Եվրոպա շարժման շուրջ։ Ընտրողը կարող է միանգամայն տրամաբանական հարց ունենալ. եթե եվրոպական ուղղությունն առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ դրա խորհրդարանական ամենատեսանելի հարթակը հայտնվեց ընդդիմության ձեռքում։

Հանրային քննարկումներում լայնորեն շրջանառվում է այն թեզը, թե իշխանությունն այս պաշտոնը մեծահոգաբար «նվիրել» կամ «զիջել» է ընդդիմությանը։ Սակայն այս ձևակերպումը սխալ է նկարագրում տեղի ունեցած հաստատութային (ինստիտուցիոնալ) գործընթացը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է Դոնթի բանաձևով։ Տասներկու հանձնաժողովներից ութում նախագահների թեկնածուներ առաջադրելու իրավունքը ստացավ ՔՊ-ն, երեքում՝ «Ուժեղ Հայաստանը», մեկում՝ «Հայաստանը»։ Իսկ ընտրության հերթականությունն արդեն որոշվում է Դոնթի գործակիցների նվազման կարգով. առաջին երկու ընտրության իրավունքը պատկանում էր ՔՊ-ին, որից հետո հերթը փոխանցվում էր ըստ գործակիցների հաջորդականության, և յուրաքանչյուր խմբակցություն, երբ հասնում էր իր հերթը, ընտրում էր դեռևս ազատ մնացած հանձնաժողովներից իր նախընտրածը։ 

Ուստի իրական հարցը ոչ թե այն է, թե ինչու իշխանությունը «տվեց», այլ՝

  • Ինչո՞ւ ՔՊ-ն իր ութ հնարավորություններից ոչ մեկը չծախսեց եվրոպական հանձնաժողովի վրա՝ փոխարենը վերցնելով եվրասիականը։
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանն» իր երեք քվոտայից մեկն օգտագործեց հենց այս ուղղության վրա։

Եթե էմոցիաները մի կողմ ենք դնում, կողմերի այս ընտրությունը բացահայտում է խորհրդարանական ռեալպոլիտիկի մի քանի շերտ։

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԼԾԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ 
(ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ)

Հայաստանի խորհրդարանական համակարգում հանձնաժողովներն ինքնին գործադիր լծակներ չունեն, սակայն օրակարգ ձևավորելու, վերահսկողություն իրականացնելու և խորհրդարանական դիվանագիտության հարթակներ են։ ՔՊ-ն նախընտրեց վերցնել անվտանգությանը, տնտեսությանը և արտաքին հարաբերություններին վերաբերող հանձնաժողովները։ Երկրորդ ընտրությամբ վերցվեց Պետաիրավականը, որի առաջիկա օրակարգում է նոր Սահմանադրության շուրջ քննարկումների կազմակերպումը՝ առանձին բացատրության կարիք չունեցող առաջնահերթություն։

Ընդ որում՝ եվրոպական հանձնաժողովից հրաժարվելը դժվար է բացատրել միայն ընթացակարգային պատահականությամբ։ Ըստ հրապարակումների՝ հուլիսի 29-ին կուսակցության վարչությունում արդեն ձևավորված էր ներքին թեկնածուների ցանկը՝ ներառյալ եվրոպականինը, իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում այն գլխավորում էր հենց իշխող ուժի ներկայացուցիչը։ Այսինքն՝ պատրաստվածություն կար, բայց ընտրության պահին եվրոպական ուղղությունը չդարձավ իշխանության ընտրած առաջնահերթություններից մեկը։

Այստեղ, սակայն, չպետք է տպավորություն ստեղծվի, թե իշխանությունը միտումնավոր անտեսել է միայն այս ուղղությունը. ՔՊ-ն իր ութի մեջ չներառեց նաև Ֆինանսավարկային և բյուջետային, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները։ Վերահսկողական բնույթի ուղղությունները հիմնականում բաժին հասան ընդդիմությանը, և հենց դա է կանոնի հաստատութային իմաստը։ Եվրոպականից հրաժարվելը կարող էր այդ ցանկը լրացնելու համեմատաբար նվազագույն քաղաքական կորուստ ենթադրող տարբերակ լինել՝ ոլորտ, որը ենթադրում է բարձր հանրային տեսանելիություն, բայց պահանջելու է ցավոտ ու երկարատև օրենսդրական վերափոխումներ։ 

 

«ՏԱՔ ԿԱՐՏՈՖԻԼԸ» ԵՎ ԴՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Հանձնաժողովի ստանձնումը, թեև ընդդիմության օրինական իրավունքն է և իր իսկ ընտրությունը, ստեղծում է քաղաքական երկընտրանք։ Եվրոպական ինտեգրումը պարզապես հայտարարությունների շարք չէ. այն ռիսկերով հագեցած, երկար և ծախսատար գործընթաց է։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն արդեն փորձել են իրենց ընտրությունը հիմնավորել զուտ պրագմատիկ մոտեցմամբ։ Դաշինքի ձևակերպմամբ՝ Եվրոպայից պետք է ստանալ երկու բան՝ առևտրաշրջանառության աճ (որը գոնե համեմատելի լինի եվրասիականի հետ) և ինստիտուտներ (դատական համակարգ, քաղաքացիական հասարակություն)։ Սա եվրոպական օրակարգի գործիքայնացում է՝ ոչ թե աշխարհաքաղաքական ինքնության, այլ կոնկրետ շահի լեզվով, և այդպիսով կարող է դառնալ հակասությունից խուսափելու գործնական ելք։

Հարցն այն է, թե որքան երկար կարելի է պահել այդ հավասարակշռությունը։ Ուժը, որը նախընտրական շրջանում շեշտադրում էր բազմավեկտորության և Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, ուշ թե շուտ հայտնվում է երկընտրանքի առաջ. մերձեցման օրակարգն ակտիվորեն առաջ մղելը կարող է հակասել սեփական ընտրազանգվածի մի հատվածի աշխարհաքաղաքական պատկերացումներին, իսկ այն արգելափակելը իշխանությանը կտա քաղաքականապես շահավետ հակափաստարկ. «Մենք գնում ենք դեպի Եվրոպա, իսկ ընդդիմությունը խոչընդոտում է»։

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱԿԱԽԱՂԸ՝ ՕՐԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

Ի՞նչ կարող է անել ընդդիմությունն այս իրավիճակում։ Պասիվ դիմադրության փոխարեն հնարավոր հակաքայլը հանձնաժողովի լիազորությունների ակտիվ և նախաձեռնողական կիրառումն է։ Եթե իշխանությունը հռչակել է եվրոպական ուղեգիծ, ընդդիմությունը կարող է եվրոպական օրակարգը աշխարհաքաղաքականությունից տեղափոխել ներքին ժողովրդավարության դաշտ՝ օրենքի գերակայություն, դատական անկախություն, հաստատութային հակակշիռներ։ Այդ դեպքում եվրոպական հանձնաժողովը կդադարի լինել պատասխանատվության բեռ և կվերածվի իշխանության վերահսկողության հարթակի։

Այս հակախաղի ամենաակնհայտ թիրախն արդեն հայտնի է։ Նոր Սահմանադրության շուրջ քննարկումներն ընթանալու են ՔՊ-ի ղեկավարած Պետաիրավական հանձնաժողովում, սակայն դրանց՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության հարցը կարող է բարձրաձայնվել հենց Եվրոպական հանձնաժողովի հարթակից։ Հենց այստեղ էլ երևում է, թե ինչու պատասխանատվությունը փոխանցելու տրամաբանությունն այս դեպքում ինքնաբերաբար չի աշխատում։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը գործադիր իշխանության որոշումներ չի կայացնում և չունի օրենսդրական գործընթացի միանձնյա որոշիչ լծակ։

 

ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԸ

Այն, որ եվրոպական ինտեգրման պատասխանատու դիրքը պատվիրակվում է քաղաքական մի դերակատարի, որն իր հիմնարար դիսկուրսով և քաղաքական վարքագծով հստակորեն տեղորոշվում է ռուսամետ առանցքում, թույլ է տալիս ցույց տալ, որ արտաքին քաղաքական ընտրության շուրջ խորհրդարանական դաշտը ամբողջությամբ բևեռացված չէ։ Ընդ որում՝ ազդանշանն այստեղ երկկողմանի է. եվրասիական հանձնաժողովը սեփական քվոտայում պահելը ոչ պակաս խոսուն հաղորդագրություն է, քան եվրոպականից հրաժարվելը։

Այստեղ, սակայն, պետք է խստորեն տարբերակել փաստը և վարկածը։ Առանց նման հաշվարկի մասին ուղղակի հայտարարության՝ ճիշտ չէ պնդել, թե բաշխումը հատուկ նախատեսված էր որևէ մայրաքաղաքի ազդանշան հասցնելու համար։ Ճշգրիտ ձևակերպումն այն է, որ որոշումը թույլ է տալիս այդպիսի ընթերցում, թեև դրա մասին ուղղակի ապացույց չկա։

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ՝ «ՁԱՆՁՐԱԼԻ» ՎԱՐԿԱԾԸ

Իհարկե, պետք է դիտարկել նաև շատ ավելի պարզ բացատրությունը. հնարավոր է՝ այստեղ ոչ մի գլոբալ ծուղակ էլ չկա։ Ընդդիմությունը հանձնաժողովներն ընտրելիս առաջնորդվել է դասական ընդդիմադիր տրամաբանությամբ. ֆինանսավարկայինը՝ բյուջետային վերահսկողության համար, տարածքային կառավարումը՝ մարզային ցանցի հետ աշխատանքի, իսկ եվրոպականը՝ արևմտյան հարթակներին, դեսպանատներին և միջազգային լեգիտիմության ռեսուրսին հասանելիություն ունենալու նպատակով։

Այս վերջին շարժառիթը, ի դեպ, արդեն հրապարակային քննարկման առարկա է. օգոստոսի 11-ին լրագրողն ուղղակիորեն հարցրեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչին, թե արդյոք եվրոպական հանձնաժողովն ընտրվել է հենց այն բանի համար, որ ուժը դադարեն ասոցացնել ռուսական կողմի հետ։ Այսպիսով՝ «ձանձրալի» վարկածը զուտ վերլուծաբանի մտահղացում չէ․ այն արդեն իսկ շրջանառվում է քաղաքական դիսկուրսում։

Նույն «ձանձրալի» տրամաբանությունը գործում է նաև հակառակ կողմում. քանի որ չորս հանձնաժողով, այսպես թե այնպես, օրենքով անցնելու էր ընդդիմությանը, իշխանությունը կարող էր պարզապես ընտրել իր համար ամենաքիչ ծախսատար չորսը՝ առանց այդ ընտրության մեջ բազմաշերտ աշխարհաքաղաքական հաշվարկ դնելու։

 

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏՈՒԳԵԼ, ԹԵ ՈՐ ՎԱՐԿԱԾՆ Է ՃԻՇՏ

Այս հաշվարկների իսկությունը հնարավոր կլինի ստուգել շատ շուտով՝ կոնկրետ ցուցիչներով։

  1. Օրինագծերի երթուղին. եթե իշխանությունը ԵՄ-ի հետ կապված կարևորագույն նախագծերը (դատաիրավական, վիզային, առևտրային) սկսի համակարգված կերպով ուղղորդել դեպի Պետաիրավական կամ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներ, դա լուրջ ցուցում կլինի, որ նպատակը եվրոպական հանձնաժողովը մեկուսացնելն էր։
  2. Պաշտոնական հաղորդակցության բաշխումը. եթե ԵՄ ինտեգրման հարցերով միջազգային հանդիպումները, այցերը և խորհրդարանական դիվանագիտության հիմնական հարթակները համակարգված կերպով շրջանցեն ընդդիմադիր հանձնաժողովին, դա կարող է վկայել, որ իշխանությունը հանձնաժողովին թողել է հիմնականում խորհրդանշական դեր։
  3. Օրենսդրական ակտիվությունը. եթե «Ուժեղ Հայաստանն» ինքը դառնա եվրոպական բարեփոխումների ակտիվ նախաձեռնող, դա կհաստատի նրանց հայտարարած պրագմատիկ-գործիքային մոտեցման հետևողականությունը։
  4. Քաղաքական հռետորաբանությունը. եթե առաջին իսկ ձգձգումների պահին իշխանության հռետորաբանության մեջ հնչի «եվրոպական օրակարգը խոչընդոտների է բախվում ընդդիմադիր հանձնաժողովում» ձևակերպումը, ապա պատասխանատվության վերաբաշխման վարկածը կստանա ուղղակի հաստատում։

Այսպիսով։ Հանձնաժողովի ղեկավարումը ոչ թե իշխանության կողմից ընդդիմությանը տրված նվեր է, այլ երկկողմ ընտրության արդյունք։ Ուստի քաղաքական իմաստը պետք է փնտրել ոչ թե «ով ում ինչ զիջեց» հարցում, այլ այն բանում, թե ինչ արժեք են երկու կողմերն էլ վերագրել իրենց ընտրած հանձնաժողովներին։

Հանձնաժողովի ղեկավարումը, այսպիսով, վերածվում է բարդ քաղաքական հաշվարկի։ Քաղաքական «տաք կարտոֆիլը» վտանգավոր է միայն այն ժամանակ, երբ ստացողը պարզապես փորձում է անշարժ պահել այն։ Եթե այն վերածվում է հաշվետվողականության գործիքի, ապա կարող է այրել հենց փոխանցողի ձեռքը։

Հ.Գ. Պատմական դաս, որը հաճախ սխալ է վերապատմվում

Երբեմն թվում է, թե ստեղծված քաղաքական իրավիճակը կրկնում է անցյալի հայտնի սցենարները։ Շատերը հաճախ հիշատակում են 1849-1851 թթ. Ֆրանսիայի փորձը՝ որպես օրինակ, թե ինչպես է իշխանությունը թույլ տալիս մրցակցին ինքնավարկաբեկվել։ Բայց արդյո՞ք պատմությունն իրականում այդքան պարզունակ է։

1849 թ. մայիսի ընտրություններից հետո պահպանողական «Կարգի կուսակցությունն» ուներ հստակ մեծամասնություն Օրենսդիր ժողովում, և հենց այդ մեծամասնությունն էլ ընդունեց պահպանողական միջոցառումների շարքը՝ 1850 թ. մարտի Ֆալուի օրենքը և մայիսի 31-ի ընտրական օրենքը, որը սահմանափակեց համընդհանուր ընտրական իրավունքը՝ մեծ թվով քաղաքացիների զրկելով քվեարկելու հնարավորությունից։ Իսկ Լուի-Նապոլեոն Բոնապարտն այդ պահին արդեն հեռու էր այդ մեծամասնությունից. 1849 թ. հոկտեմբերի 31-ին նա հեռացրել էր Օդիլոն Բարոյի կաբինետը և անցել ավելի նախագահակենտրոն կառավարման։ Իսկ 1851 թ. նոյեմբերին առաջարկեց վերականգնել համընդհանուր ընտրական իրավունքը, մեծամասնությունը մերժեց, և նա մնաց ժողովրդի իրավունքի պաշտպանի դերում՝ նույն այդ մեծամասնության դեմ։

Բայց սրանից չի հետևում, թե ամեն ինչ նախապես ծրագրված ծուղակ էր։ Պատմագրության մեջ Լուի-Նապոլեոնի վարքը սովորաբար դիտվում է որպես հնարավորության հմուտ օգտագործում, ոչ թե ի սկզբանե նախագծված ռազմավարություն. նրա և խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները զարգացան կոնֆլիկտի, իշխանության պայքարի և հաստատութային հակասությունների միջով, որոնք 1851 թ. դեկտեմբերին հանգեցրին հեղաշրջման։

Ու հենց այստեղ է զուգահեռի սահմանը։ Ֆրանսիայում պահպանողականներն ունեին ռեալ օրենսդիր մեծամասնություն և իրապես ընդունում էին այն օրենքները, որոնց համար հետո վճարեցին։ Հայաստանում ընդդիմությունն ունի տասներկու հանձնաժողովներից երեքի նախագահությունը և որոշում կայացնելու ուղիղ լծակ չունի։ Ուստի պատմությունն այստեղ ոչ թե պատրաստի սցենար է առաջարկում, այլ միայն հիշեցում. պատասխանատվության վերաբաշխումը հազվադեպ է լինում մեկ մարդու հնարամիտ ծրագիր, և շատ հաճախ հաստատութային դասավորության արդյունք է։

 

Սմբատ Հովհաննիսյան