image

Ինչպես հայուհին դարձավ Նոր Զելանդիայի Գլխավոր դատավոր (լուսանկարներ)

Ինչպես հայուհին դարձավ Նոր Զելանդիայի Գլխավոր դատավոր (լուսանկարներ)

Սիան Էլիաս՝  հայկական ծագմամբ նշանավոր պետական գործիչ, Նոր Զելանդիայի գերագույն դատարանի նախագահ, մաորիների իրավապաշտպան և թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը: Էլիասի մասին պատմում է barev.today-ը:

 Սրբուհի Էլիասը, ով Նոր Զելանդիայում առավել հայտնի է որպես Սիան Էլիաս, ծնվել է 1949թ.-ի մարտի 13-ին Լոնդոնում: Նրա հայրը՝Մինաս Էլիասը Օսմանյան Թուրքիայից փրկված հայերի ժառանգ էր, իսկ մայրը՝ Հյուսիսային Ուելսի ուելսուհի: Հաստատվելով Օքլենդում (Նոր Զելանդիա)՝ Մինաս Էլիասը երկար տարիներ աշխատում էր որպես բժիշկ՝ վայելելով շրջապատի հարգանքն ու պատիվը:

Սիանի խոսքով՝ Մինասն անգամ 80 տարեկան հասակում քաղաքում ջենտլմենության ու պատկառանքի օրինակ էր: Միջնակարգ կրթությունը Սիանը ստացել է մասնավոր դպրոցում, իսկ 1966թ-ին ընդունվում է Օքլանդյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

«Կա մի գիծ, որ նրան ճանաչող և ոչ մեկը չի կարող վիճարկել, նա միշտ շատ զուսպ է ու քաղաքավարի: Անգամ քննադատությունների տարափի ներքո», - ասվում է New Zealand Herald թերթում:

Ավարտելով Օքլանդյան համալսարանը՝ նա շարունակում է կրթությունը Կալիֆորնիայի Ստենֆորդյան համալսարանում, որտեղ ստանում է իրավունքի ոլորտում մագիստրոսի կոչում: Մի քանի տարի անց նա սկսում է աշխատել Օքլանդի ոչ մեծ իրավաբանական ընկերությունում: 3 տարի անց նրան տեղափոխում են քաղաքի հայտնի իրավաբանական ընկերություն: Իսկ 1948թ.-ին, ստանալով Օքլանդի շրջանի՝ իրավական հարցերով հանձնակատարի պաշտոն, նա սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ և ձեռք բերում բյուրոկրատական կամայականությունների դեմ մոլի պայքարողի համբավ:

«Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ: Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով», - ասում է լրագրող Լյուկ Հարդինգը:

Իր մատուցած ծառայությունների դիմաց Սիան Էլիասը 90-ականներին պետական մեդալ է ստանում, իսկ մի քանի տարի անց դառնում Գերագույն և Վերաքննիչ դատարանի անդամ: Պետք է նշել, որ 1999թ.-ին Էլիասը առաջին կինն էր, որ զբաղեցրեց Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը: 2004 թվականից դատական բարեփոխումների արդյունքում երկրի բարձրագույն դատական մարմին է դառնում Բարձրագույն դատարանը: Այդ պահից սկսած և արդեն 16 տարի՝ Սիան Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն է: Ավելին, նա երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր էր:

«Հասարակության մեջ նա այնքան մեծ դեր է խաղում, որ ոչ միայն պարզապես գլխավոր դատավորն է, այլ բոլորի կողմից ընդունված բարձրագույն արբիտր»,-գրում է The New York Times-ը:

Էլիասն ամուսնացած է նորզելանդական արիստոկրատիայի ներկայացուցչի, երկրի ամենահարուստ մարդու՝ Հյու Ֆլետչերի հետ: Նրանք ունեն 2 որդի:

Իր հարցազրույցներից մեկում Էլիասը նշել է, որ եթե իր ընտանիքում հայկական ինքությունը չլիներ, նա չէր հասնի նման բարձունքների:

Այսօր, շնորհիվ իր գործերի, Էլիասը բարիդրացիական վերաբերմունք է ձևավորել նորզելանդացիների շրջանում ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ:

Պատրաստեց`   ankakh.com-ը