image

Ի՞նչ սպասել Հռոմի Պապի այցից. Զարուհի Դիլանյան

Ի՞նչ սպասել Հռոմի Պապի այցից. Զարուհի Դիլանյան

«Հռոմի պապը այցելելու է Հայաստան», «Հռոմի պապն է գալու», «Հաստատվել են Պապի գալու օրերը», «Պապը եկել է...», «Պապը գնաց...». ահա նման հաճելի իրարանցում ստեղծեց Հռոմի կաթոլիկ գահակալն իր այցով: Սա իսկապես պատմական իրադարձություն էր և  շարունակությունը Հայոց Ցեղասպանության բարձրաձայնմանն ուղղված Պապի քրիստոնավայել գործունեության (հիշենք, որ 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին):

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր այցն անվանեց ուխտագնացություն՝«Այց առաջին քրիստոնյա երկիր»: Սա իհարկե շոյեց մեր ազգային արժանապատվությունը ու սկսվեց հոլովվել ամենուր ու անընդհատ՝ շատերի մոտ հակասական զգացումների տեղի տալով. ազգային սնապարծությո՞ւն է գուցե անընդհատ շեշտելը. մի՞թե առաջինը լինելը առավելություն է. այն մեզ ավելի քրիստոնյա՞ է դարձնում, ավելի հանդուրժո՞ղ, աղքատախնա՞մ, ավելի բարոյակա՞ն, ավելի արդա՞ր... Ինչևէ, ավել, թե պակաս, քրիստոնյաները և, ոչ միայն, մեծ սիրով էին սպասում նրան: Նա մեկն է, ում օրինակը պիտի ուղենիշ դառնա հատկապես մեր երկրում ապրող շատուշատ մարդկանց համար, նա մեկն է, ով իր համեստությամբ՝ սկսած ավտոմեքենայի ընտրությունից, մինչև իսկական քրիստոնյային վայել պարզությունը կմնա յուրաքանչյուրիս հիշողության մեջ: Բայց սա չպիտի առիթ դառնա նորից քարկոծելու մերը՝ Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա առաջնորդին, քանզի թեկուզև տկար ու տեղ-տեղ սխալներով, բայց մերը մերն է՝ մեզ հետ դարերից եկող, մեր կողքին ապրող, իսկ այցերը անցողիկ են ու ունեն իրենց նպատակները:

Այցի նպատակաները, հնարավոր  և անհնար հետևանքները.

Այցը, բացի վեհ ու բարոյական լինելուց, ուներ երկու հարթություն՝ կրոնական՝ հաշվի առնելով արդի աշխարհում քրիստոնեության նահանջող դերը ու քաղաքական՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա խնդիրները:

Քրիստոնյաների համախմբան գործում լուրջ ներդրում կարող է ունենալ հայկական մեծամասամբ միատարր քրիստոնյա համայնքը. Սրան են ուղղված դեպի էկումենիզմ կամ միասնական քրիստոնեական համայնք տանող բազմաթիվ նախաձեռնությունները: Քաղկեդոնի 451 թ․ եկեղեցական ժողովը բաժանեց քրիստոնեական համայնքները: Ու ողջ պատմության ընթացքում պարբերաբար հատվեցին մասնատված համայնքների ուղիները՝ մեկ բարեկամաբար, մեկ՝ ավելի խորացնելով առկա բաժանումը: Այսօր արդի մարտահրավերները ուղղում են քրիստոնեական համանքներին կենտրոնանալու ունեցած ընդհանրությունների վրա և ոչ թե առկա տարբերությունների: Նման քայերը միտված են կանխելու քրիստոնյաների՝ պատմականորեն կրոնական ռահվիրայի դերից նահանջը:

Քաղաքական նրբերանգների մասով. Այցի մասին առաջին հստակ խոսակցությունների օրերից՝ մարտ-ապրիլ ամիսներից սկսած ու արդեն բուն այցի ընթացքում արդեն զգացվեցին նաև քաղաքական նրբերանգները.

Ինչպես հաճախ արվում է, տարածաշրջանում հավասարակաշռությունը պահելու համար Հայաստան հունիսյան այցից հետո նոր օրեր նախանշվեցին նաև Ադրբեջան ու Վրաստան այցերի համար (առաջին քրիստոնյա ու տարածաշրջանում ամենամեծ կաթոլիկ բնակչություն ունեցող Հայաստան հունիսյան այցից hետո սեպտեմբեր 30-ից հոկտեմբեր 2-ը  Պապը պետք է մեկնի 1 տոկոսից էլ քիչ կաթոլիկություն ու հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող Ադրբեջան և 2.5 տոկոս կաթոլիկ  բնակչություն ունեցող Վրաստան):

Հետո այցելության վերջին օրը երկու գահակալների համատեղ հայտարարության մեջ ընդգծված մի շարք քաղաքական խնդիրների մեջ շեշտվեց նաև այն հույսը, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում:

Պապական գալստյան ուղերձի տեքստի սկզբնական՝ «ցեղասպանություն» բառի խմբագրված տարբերակից (իհարկե հետո հիշեց նաև «ցեղասպանություն»բառը, քանզի արդարության մասին անգամ «քարերն են աղաղակում») ու  հայ-թուրքական սահման ուղարկված աղավնիներից պարզ դարձավ մեկ ուրիշ նրբերանգ՝ գուցե ենթադրվող թուրքական նոր ագրեսիան զսպելու փորձ (Չէ՞ որ Պապի կողմից ապրիլյան պատարագի մատուցումն ու նրա հնչեցրած հայտարարությունը մեծ դժգոհություն էին առաջացրել Թուրքիայում և անգամ Թուրքիայում Վատիկանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրութուն ստանալու նպատակով: Խորհրդակցության համար նաև հետ էր կանչվել Վատիկանում Թուրքիայի դեսպանը):

Առաջինի մասով՝ հետաքրքրական է՝ մի՞թե ադրբեջանական հումանիստ պետությունը, ով իր սև ցուցակի մեջ ներառել է ՀՀ ու Արցախ այցելած բազմաթիվ մեծությունների՝ հանրահայտ երգիչներ Մոնսերաթ Կաբալիե, Ալ Բանո, դքսուհի Քարոլին Քոքս, Իտալիայի հեղինակավոր 3 ճարտարապետներ՝ Ֆրանչեսկո Ռովիելոն, Լուչանո Պրետին, Ֆրանչեսկո Քալոն և այլք, իր դռները չի փակի Պապի առաջ, և արդյո՞ք Պապը մանրամասնորեն տեղեկացված է այդ երկրում  տիրող անմարդկային նորմերի մասին. չէ՞ որ այնտեղ պետական մակարդակով խրախուսվում է խաղաղ բնակիչների սպանությունը, զոհված ու գերեվարված երիտասարդ զինվորների խոշտանգումն ու ծաղրը, հերոսացվում է միջազգային խաղաղապահական միջոցառման ժամանակ քնած սպային կացնահարողը. ու այս ամենը միայն ազգության ու հավատի համար:

Երկրորդի մասով՝ մի նկատառում միայն՝ հայ-թուրքական բաց սահմաննների տեսլականը բավականին հեռու է, քանզի դեռ պետական մակարդակով ճանաչման ու հիշեցման ամեն փորձ ընդունվում է սվիններով ու անգամ բարձր մակարդակով Թուրքիայում դեռ ապրող հայերին սարսափի մեջ պահելու համար խոսվում է նոր Ցեղասպանւթյան հնարավորության մասին. Ասել է թե ՝ քաղաքականության մեջ աղավնիները հաճախ Նոյի ագռավներ են դառնում ...

Ինչևէ, երկու դեպքերում էլ մխիթարությունը մեկն է՝ Պապը Քրիստոսի ծառան է, հետևաբար՝ ներող, և գուցե նրա այցից ու քայլերից հետո որոշ բաներ փոխվեն նման երկրներում: Հուսալը լավ բան է ու քրիստոնեական:

 Եվ վերջում՝  այցի կազմակերպվածության մասին.

Ոչ ոք չի ժխտի, որ այն կազմակերպված էր բարձր մակարդակով. առահասարակ մեր պետության մեջ մի տեսակ պարադոքս է՝ ներպետական կազմակերպվածության մեջ չենք փայլում գուցե, բայց դրսին ապշեցնելու համար երբեք ջանք չենք խնայում...Մեր տեսակն է երևի:   

Հիրավի հիշարժան օրեր էին, որոնք նման էին ապագայածին սերմերի ու որոնք պիտի պտուղ տան, քանզի հայոց պարարտ հողի մեջ են ընկել՝ «մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ»:

 

                                                                                        Զարուհի Դիլանյան