Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի 38 և Եգիպտոսի 25 գործարարներ որոշեցին փոխադարձ ներդրումային ծրագրեր իրականացնել: Ստեղծվեց Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիան, որի նախագահ Էդուարդ Մանուկյանը դեռ հաջողված ներդրումային ծրագրի օրինակ չունի, ասոցիացիան երիտասարդ է, և այժմ գործարարները ուսումնասիրում են դաշտը:
«Դյուրին չէ նոր գործ հիմնադրել՝ սկսելով զրոյից: Այն, ինչ արեցինք Հայաստանից դեպի Եգիպտոս, դյուրին էր, հիմա փորձում ենք ներդրում բերել Եգիպտոսից Հայաստան և արտահանումը զարգացնել երկու երկրների միջև»,- «Արևելք»-ի հետ զրույցում ասում է Էդուարդ Մանուկյանը:
Հայ գործարարները Եգիպտոսում հիմնականում տուրիզմի ոլորտում են հեռանկարներ փնտրում, ոմանք Շարմ Էլ Շեյխում ունեն սեփականություն, ասոցիացիայի նախագահն ասում է՝ Եգիպտոսում գործարարությամբ զբաղվելու հնարավորություն ու միջոցներ հայ գործարարներն ունեն, բայց առայժմ աշխատանք չեն տանում: «Մինչև հիմա հայերը Եգիպտոսում գործ չեն ունեցել, միայն շենքեր, հող, կալվածքներ են գնել այնտեղ՝ Եգիպտոսի տուրիստական մեծ կենտրոնում»:,-ասում է մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Մանուկյանը, որ նաեւ «Եգիպտոսի հայ գործարար խորհրդի» նախագահն է:
Երկու երկրների միջև մինչ այժմ ձևավորված դիվանագիտական հարաբերությունները նաև տնտեսական հարթակ տեղափոխելու քայլը չի ձախողվի, համոզված է ասոցիացիայի նախագահը, նշելով, որ դրա համար ամեն ջանք գործադրում են: Նա հաճախակի Հայաստան այցելություններ է կատարում, շուկան ուսումնասիրում ու նոր համագործակցության եզրեր փնտրում:
Ծրագրերից մեկը, որի մասին հպարտությամբ է խոսում, Հայաստան-Եգիպտոս ավիաուղիների շահագործումն է, որի շնորհիվ մեծ տուրիստական հոսքեր են լինում դեպի Եգիպտոս, բայց ոչ դեպի Հայաստան:
«Կարողացանք բացել Եգիպտոս-Հայաստան օդանավային գիծ, որ հիմա լավ գործում է, շաբաթական երեք չվերթ է տեղի ունենում Երևանից դեպի Եգիպտոս: Հայաստանից վերջին տարվա ընթացքում գրեթե 12 000 տուրիստ գնաց Եգիպտոս, նույնը փորձում ենք անել, որ Եգիպտոսից տուրիստները կամ եգիպտացիները կարողանան Հայաստան գալ: Հիմա դժվարություններ կան եգիպտացիների՝ Հայաստանի մուտքի թույլտվություն՝ վիզա ստանալու հարցում, փորձում ենք դյուրացնել վիզայի ռեժիմը, որ կարողանան եգիպտացիները դյուրին գալ Հայաստան հանգստանալու»,-ներկայացնում է բիզնես ասոցիացիայի նախագահը:
Նա վստահ է, որ Հայաստանին ծանոթանալուց հետո հոսքը չի դադարի, իսկ ինչ վերաբերում է ներդրումներին, ապա եգիպտացիները հետաքրքրված են ոչ միայն Հայաստանի զբոսաշրջությամբ, այլև ՏՏ ոլորտով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի, առաջատար ոլորտներից է, որը մեր զրուցակիցը հեռանկարային է համարում:
Տեղեկացանք նաև, որ նոյեմբեր ամսին նախատեսված է մի խումբ գործարարների այց դեպի Եգիպտոս, ինչը, ըստ նրա, նոր շփումների ու ծրագրերի սկիզբ կդառնա:
Ի տարբերություն այլ երկրների, Եգիպտոսում չկան այնպիսի հայեր, ովքեր կարող են իրենց ներդրումներն ուղղել դեպի Հայաստան, այստեղ հայ համայնքը փոքր է, մոտ 2000-անոց եգիպտահայ գաղութը գնալով նոսրանում է, թեև գաղութը պահելու համար ամեն ջանք գործադրում են, նշում է եգիպտահայ մեր զրուցակիցը:
«Համայնքը 200-ից ավելի տարվա կյանք ունի, բայց պայմանների բերումով նոսրացել է, հայերը կենտրոնացած են երկու քաղաքների մեջ՝ Կահիրե և Ալեքսանդրիա, և ցավալիորեն երիտասարդները Եգիպտոսը լքում են գործ կամ ապագա գտնելու համար: Պատմությունը շատ լավ է, բայց ապագան փայլուն չէ: Կրոնական համայնք ենք մենք, կառավարությունը աջակցում է, փորձում ենք մեր համայնքի կարիքները հոգալ, որոնք շատ են՝ բարեսիրական օգնություններ, աշակերտների համալսարանի, դպրոցի ծախսեր և այլն, բայց գործ չկա»,-մտահոգությունն է փոխանցում համայնքի ներկայացուցիչը, հույս հայտնելով, որ համայնքը կմնա և կպահի իր ավանդույթները: