Նուշիկ Միքայելյան
Վարչապետի` սփյուռքահայերին ուղղված կոչին, ոմանք քմծիծաղով, ոմանք բարկությամբ և հիմնականում` հավատի բացակայությամբ են արձագանքում: Ճիշտ է` ես որևէ բիզնես առաջարկով հանդես չեմ եկել և լուրջ ներդրումներ անելու չափ գումարներ գուցե չեմ ունեցել, սակայն լինելով Սփյուռքում ծնված ու մեծացած հայ մարդ, եկել եմ Հայաստան և ԱՊՐԵԼ ԵՄ... Ապրել եմ մեր երկրի և' վատ և' լավ օրվա հետ, փորձել եմ բացասական երևույթների հանդեպ անտարբեր չլինել և երբեք բողոքող, նեղացող, հեռացողի կարգավիճակում չեմ եղել, որպեսզի հավատիս բացակայությունը դարձնեմ զենք...
Խոսքս ուղում եմ սփյուռքահայերին: Ասելիքս թեպետ այնքան էլ կապ չունի վարչապետի այս կոչի հետ, սակայն այս կոչը առիթ է, որ ես էլ Ձեզ ասեմ: Քմծիծաղելու, զարմանալու կամ չհավատալու փոխարեն, անցած տարիների ընթացքին, թեկուզ հեռվից` դուք էլ պարտավոր էիք մասնակից դառնալ հայաստանյան խնդիրների լուծմանը, Սփյուռքի ականավորների, մեծահարուստների կամ մտավորականների կեցվածքը հստակ ձևակերպելով` որոշակի ազդեցությամբ լրջորեն հանդես գալով, մասնավորապես որ ազդելու լուրջ լծակներ եղել են: Ականավորների զգալի մասը հայաստանյան այս կամ այն մեդալը վզից կախելու հուզմունքից` մոռացավ էականը, մյուս մասն էլ օգտվեց իր սփյուռքում ապրելու ձեռնտու կարգավիճակից ու լռեց, լռեց և էլի լռեց, մինչև ծանր բեռը մնաց հայաստանաբնակի ուսերին...
Այս գրառումս որոշ սփյուռքահայ անհատների կամ միությունների կոկորդից հանգիստ չի իջնելու, սակայն չեմ կարող անազնիվ լինել ու չասել` որ սփյուռքահայն ինքնին, իր իսկ չեզոք կեցվածքով է նաև արժանացել այն վերաբերմունքին ինչից հենց ինքը` Սփյուռքը դժգոհում է: Լուծո՞ւմը: Որոշ ֆոտոսեսիաներով , մեդալներով ու պատվոգրերով բավարարվելու փոխարեն` հանդես եկեք այն կեցվածքով, այն խոսքով ու ազդեցիկ միջոցներով, ինչը կնպաստի մեր երկրին ու ժողովրդին և չի տարանջատի մեզ` ներսի ու դրսի հայի ֆորմատով:
Եվ իհարկե բացառիկներ միշտ էլ կան, ովքեր անտարբեր չեն եղել ներ-Հայաստանյան խնդիրների հանդեպ , սակայն նրանք ովքեր ճիշտ ժամանակին պետք է ճիշտ խոսքով հանդես գային` նախընտրեցին իրենց ապահով ու անվրդով գոյությունը պահպանել... Ուրեմն` նախքան միակողմանի բողոքելը, հիշենք` թե ինչպես ենք ապրել... Հիշենք` թե ինչքան ենք լռել...Հիշենք` թե ինչու' ենք լռել... Իսկ այս կամ այն կոչը միշտ էլ կարելի է ի շահ երկրի օգտագործել` առաջարկելով «խաղի» Ձեր պայմանը: