image
Հրատապ լուրեր:

Վարչապետէն շնորհաւորանք՝ 95-ամեայ վարպետին. Այսօր Յովհաննէս Չէքիճեանի յոբելինական օրն է

Վարչապետէն շնորհաւորանք՝  95-ամեայ վարպետին. Այսօր  Յովհաննէս Չէքիճեանի յոբելինական օրն է

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձ յղած է Հայաստանի ազգային հերոս Յովհաննէս Չէքիճեանի 95-ամեայ յոբելեանի առիթով։

Ուղերձին մէջ ըսուած է․

«Մեծարգո՛յ մաեստրո,

Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ ծննդեան 95-ամեայ յոբելեանի առիթով:

Ձեր ողջ կեանքն ու աշխատանքային գործունէութիւնը երաժշտարուեստին անմնացորդ նուիրումի փայլուն դրսեւորում են, իրական մտաւորականի կերպարի արտացոլում:

Իբրեւ արժանաւոր արուեստագէտ՝ Դուք Ձեր նշանակալի աւանդն ունէք հայ երգչախմբային արուեստի զարգացման գործում:

Ձեր գործունէութիւնն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք եւ Ձեր գլխաւորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լաւագոյն բեմահարթակներում արժանապատուօրէն ներկայացնում էք հայ երգչախմբային արուեստը:

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,​ Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում էք աշխատել: Վերստին շնորհաւորելով յոբելեանի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջութիւն եւ ամենայն բարիք»: