Հայաստանի մէջ նախատեսուող TRIPP նախագիծի վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութենէն ետք Մեղրի քաղաքը վերածուած է տարածաշրջանային եւ համաշխարհային կեդրոնի։ Այս մասին Երեւանի Կեդրոն վարչական շրջանին մէջ նախընտրական քարոզարշաւի ընթացքին յայտարարած է արձակուրդի մէջ գտնուող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը։
«Ինչ-որ ժամանակ կար, որ ասում էինք Մեղրի, տագնապալի ալիքներ էին առաջանում։ Մեղրին այսօր վերածուել է տարածաշրջանային, համաշխարհային կեդրոնի։ Աշխարհի թոփ լիդերներն այսօր մտածում են, որ Մեղրիում տեղի է ունենում շրջադարձային իրադարձութիւն։ Աշխարհի ղեկավարներն ինձ հետ հաղորդակցւում են հետեւեալ հարցով՝ իսկ մենք ո՞նց կարող ենք մասնակցել, որովհետեւ հասկանում են, որ բան է տեղի ունենում, որն ունի շրջադարձային նշանակութիւն, որը հիւսիս-հարաւ, արեւելք-արեւմուտք հաղորդակցութիւնների համար ունենալու է շրջադարձային նշանակութիւն»,-ըսած է Փաշինեանը։
Նիկոլ Փաշինեանն ընդգծած է՝ փոխուած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան աշխարհագրական դիրքը։
«Հայաստանը նոյն կոորդինատների վրայ է, որ եղել է վերջին հարիւր տարում, բայց մեր ընկալումը միշտ եղել է այն, որ ՀՀ աշխարհագրական դիրքը խայտառակ վատ է, բայց տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը՝ առաջինը պատմութեան մէջ, եւ ԵՄ յանձնաժողովի նախագահն ինձ հետ հանդիպումը սկսում է հետեւեալ նախադասութեամբ՝ ՀՀ-ն նստած է արեւելք-արեւմուտք ամենակարճ ճանապարհի վրայ»,- նշած է Փաշինեանը։
Անոր խօսքով՝ Մեղրիի մէջ շուրջ 50 տոկոսով բարձրացած են նաեւ անշարժ գոյքի գիները, իսկ Տաւուշի մարզի սահմանազատուած եւ սահմանագծուած Կիրանց գիւղին մէջ շուրջ 50 նոր տուն կը կառուցուի։
«Այսօրուայ Կիրանցը եւ 2023թ․ Կիրանցը կիլոմետրերով իրարից հեռու են, Կիրանցը անվտանգ, զարգացած է, քան երբեւէ։ Կիրանցում եղել է մօտ 100 տուն, այսօր Կիրանցում շուրջ 50 տուն է կառուցւում։ 3400-ից աւելի սահմանամերձ բնակավայրում կառուցւում են տներ, նոր թաղամասեր։ Տարբեր բնակավայրերում յայտնւում են նոր թաղամասեր պետական աջակցութեամբ, որոնց ժողովուրդն ասում է «Նիկոլի թաղ»»,-ըսած է Նիկոլ Փաշինեանը։