Ասկէ 23 տարի ետք՝ 2049-ին Նիկոլ Փաշինեան պիտի ըլլայ 73 տարեկան։ Ի՞նչ պիտի ըսէ կամ գրէ ան այդ ատեն, ո՛չ ինքը գիտէ այսօր, ո՛չ այսօր զինք պաշտողները, ո՛չ ալ այսօր զինք տիւ ու գիշեր դատափետողներն ու անիծողները։
Եթէ այսօր կրնամ որեւէ լսարանի ներկայացնել թէ մենք հիմա ինչպէ՛ս յետմահու կը յիշենք ու կը գնահատենք Վրացեանի դերը Ի. դարու մեր պատմութեան մէջ, Փաշինեանի մահուան օրը հաւանաբար ես արդէն չըլլամ՝ տեսնելու համար թէ ինչպիսի՛ մահագրականներ պիտի գրուին իր մասին։
Զի՞նչ ցուցանէ առակս. ժողովուրդ ջան, ե՛ւ գովելու ժամանակ, ե՛ւ քննադատելու ժամանակ զուսպ եղէ՛ք։ Չենք գիտեր թէ վաղը մեզ ինչ կը սպասէ։
ա) Դրուագ 1. 24 Նոյեմբեր 1920
Հատուած Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ վարչապետ Սիմոն Վրացեանի զեկոյցէն՝ իշխող Հ. Յ. Դաշնակցութիւն կուսակցութեան ներկայացուցիչներու խորհուրդի նիստին (24 Նոյեմբեր 1920)։ Այդ ժամանակ, քեմալական Թուրքիոյ նախաձեռնած արշաւանքին հետեւանքով Հայաստանն արդէն կորսնցուցած էր Կարսն ու Ալեքսանդրապոլը եւ կը պատրաստուէր հաշտութիւն կնքել Անքարայի կառավարութեան հետ.
«...Մենք մեծամեծ վնասներ ենք կրել անվերջ կռիւների բեմ դարձնելով մեր երկիրը և միշտ ընդհարւելով մեր հարեւանների հետ:
«Մեր փորձը պէտք է բերէ մեզ այն համոզման, որ մենք պէտք է ամփոփւինք մեր ուժերի շրջանում և դուրս չգանք որոնելու նոր ազդեցութեան շրջանակներ, որոնք մեզ համար կարող են լինել նոյնքան աղետաբեր, որքան և մինչև այժմ եղածը, որովհետև արտաքին ոյժերը միշտ և ամենից առաջ իրենց շահերն ի նկատի ունին, նրանք ամեն ժամանակ աշխատում են առնել և ոչ թէ տալ։ Մենք պէտք է ունենանք մեր սեփական օրիենտացիան մեր քաղաքական ծրագիրները կազմելիս աչքի առաջ ունենանք մեր սեփական ուժերը մեր սեփական րէալ արժէքաւորումները, ի հարկէ, յարմարւելով ընդհանուր պայմանների, մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափաւոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագիրներ իրականացնել, որի հետևանքով եւ միշտ տուժել ենք ու ջախջախւել բոլոր ճակատներում: Մեզ հարկաւոր է մի շշմեցուցիչ հարւած, որ մենք զգաստանանք, և այդ հարւածը արդէն հասել է մեզ. այժմ զգաստանալու ժամանակն է: Սակայն այդ զգաստացումն էլ չպէտք է չափազանց ծայրայեղութեան հասնի, մի բան, որը դժբախտաբար, մեր ժողովրդին յատուկ է։
«Եթէ Կիլիկիայից մինչև Շուշին շատ շատ էր մեր համեստ ուժերի համար, եթէ այդ սահմանների համար մենք շատ քիչ էինք, ապա և Նոր-Բայազէտի և Երևանի շրջանների մասերից կազմւած մի փոքրիկ Հայաստանի համար շատ շատ ենք: Եւ այժմ քննադատելով մեր անցեալ գործելակերպը, չպէտք է ընկնենք չափազանցութիւնների մէջ և մեր ձգտումները յարմարեցնենք մեր ուժերին։ Մեր օրւայ քաղաքականութիւնը ղեկավարողներից պահանջւում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտութիւններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիւ կարողանանք պահել մեր անկախութիւնը, նւիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար:
«Եւ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովրդների հետ:
«Եւ ես յոյս ունիմ, մենք կկարողանանք այդ լեզուն գտնել և կնքել անհրաժեշտ հաշտութիւնը:
«Բայց եթէ պատահի, որ մեր հարևանը չհասկանայ մեր և իր ընդհանուր շահերը և արբեցած իր պատմական յաղթութիւններից՝ կամենայ ոտնակոխ անել մեր անկախութիւնն ու մեր ժողովրդի գոյութիւնը, այն ժամանակ մենք ուժ և վճռականութիւն կունենանք պաշտպանւելու և օրհասական կռիւ մղելու մեր անկախութիւնն ու մեր ժողովրդի գոյութիւնը պահպանելու համար։
«Եւ ես հաւատացած եմ, որ այդպիսի րոպէին մեր ժողովուրդը սթափւած կկարողանայ պատւով դուրս գալ ծանր ճգնաժամից:
«Այդպիսի րոպէին, ես հաւատում եմ, մենք չենք մնայ մինակ...» (Ս. Ա., «Ընկեր Վրացեան զեկուցում», ՀՅԴ-ի «Յառաջ» պաշտօնաթերթ, երկրորդ տարի, No. 262, Կիրակի, 28 Նոյեմբեր 1920, էջ 3)
բ) Դրուագ 2. 24 Ապրիլ 2026
2020 թուականին Ատրպէյճանի դէմ պատերազմը կորսնցուցած եւ 2023-ին Արցախի հայաթափումը կանխարգիլել չյաջողած Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարելիցի կապակցութեամբ ուղերձէն.
«Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսեւորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը եւ գալիքը լավը դարձնելու համար։
«Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ /…/
«Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։
«Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով, եւ այս գիտակցության վրա հիմնվելով՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։
«Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել...
«Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին հարեւանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։
«Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։
«Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։
«Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատեւությունն է։»
Յ.Գ. Եթէ մինչեւ այստեղ կրցաք դիմանալ ու այսքանը կարդացիք, աւելցնեմ թէ դասաւանդութեան ժամանակ անընդհատ ուսանողներուս ուշադրութեան կը յանձնեմ համոզումս ու թելադրանքս թէ պատմական համեմատութիւններու ժամանակ նմանութիւններուն չափ կարեւո՛ր է տարբերութիւններուն ուսումնասիրութիւնը, յատկապէս՝ անցեալը հնարաւորինս աւելի համապարփակ պատկերացնելու համար։
Հազիւ 10-11 օր գոյատեւած Վրացեանի գլխաւորած կառավարութիւնը ստիպուեցաւ գրաւոր հրաժարիլ Սեւրի դաշնագրէն։ Վրացեան նոյնաբովանդակ հրապարակումներ ունեցաւ նաեւ 1921-ին՝ երբ 45 օրով գլխաւորեց Հայաստանի Փրկութեան Կոմիտէն։ Աւելի ուշ, աքսորական դառնալով, սակայն, Վրացեանն ու Հ. Յ. Դաշնակցութիւնը վերադարձան Սեւրի կենսագործման պահանջին։ Վերոնշեալ զեկուցումէն նուազ քան 23 տարի ետք՝ 1943-ի գարնան, Ամերիկա գտնուող Վրացեան՝ առանց նախապէս համադրելու այդ օրերուն Եգիպտոս հիմնաւորուած Դաշնակցութեան բիւրոյին հետ, յառաջ քաշեց Սեւրով Հայաստանին խոստացուած տարածքները Խորհրդային Հայաստանին կցելու գաղափար-պահանջը։ Եւս երկու տարի, եւ ան նոյն տրամաբանութեամբ խնդրագիր մը յանձնեց Սան Ֆրանսիսքոյի ՄԱԿ-ի հիմնադիր համագումարին։ Այսօր, երեւի հատուկենտ մասնագէտներ կը յիշեն Վրացեանի ելոյթները Նոյեմբեր 1920-Ապրիլ 1921 ամիսներուն։ Երբ այսօր կ’ըսենք «Վրացեան», անմիջապէս մեր միտքը կու գան իր քաղաքական-հրապարակախօսական երկար կենսագրութենէն ա՛յլ դրուագներ։
Ասկէ 23 տարի ետք՝ 2049-ին Նիկոլ Փաշինեան պիտի ըլլայ 73 տարեկան։ Ի՞նչ պիտի ըսէ կամ գրէ ան այդ ատեն, ո՛չ ինքը գիտէ այսօր, ո՛չ այսօր զինք պաշտողները, ո՛չ ալ այսօր զինք տիւ ու գիշեր դատափետողներն ու անիծողները։
Եթէ այսօր կրնամ որեւէ լսարանի ներկայացնել թէ մենք հիմա ինչպէ՛ս յետմահու կը յիշենք ու կը գնահատենք Վրացեանի դերը Ի. դարու մեր պատմութեան մէջ, Փաշինեանի մահուան օրը հաւանաբար ես արդէն չըլլամ՝ տեսնելու համար թէ ինչպիսի՛ մահագրականներ պիտի գրուին իր մասին։
Զի՞նչ ցուցանէ առակս. ժողովուրդ ջան, ե՛ւ գովելու ժամանակ, ե՛ւ քննադատելու ժամանակ զուսպ եղէ՛ք։ Չենք գիտեր թէ վաղը մեզ ինչ կը սպասէ։