image

Ստամբուլում բացվել է լեգենդար բժիշկ Հակոբ Կոթողյանի անվան լսարանը

Ստամբուլում բացվել է լեգենդար բժիշկ Հակոբ Կոթողյանի անվան լսարանը

Ստամբուլի Ջերահփաշա համալսարանի բժշկական ֆակուլտետի Մաշկաբանության եւ վեներական հիվանդությունների ամբիոնում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված Թուրքիայում անվանի հայ մաշկաբան, հանգուցյալ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի հիշատակին: Միջոցառման շրջանակներում ամբիոնի լսարաններից մեկն անվանակոչվել է բժշկի անունով:

Հանդիսությունը պատվել է Պոլսո Պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ արք. Մաշալյանը, որին ուղեկցել է Պատրիարքական փոխանորդ արժանապատիվ Տ. Գրիգոր ավագ քահանա Դամադյանը: Ներկա են եղել բժշկական ֆակուլտետի տեսուչ, պրոֆեսոր Էմին Քյոսեն, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զեքայի Քութլուբայը, դասախոսներ եւ ուսանողներ:

Արարողությանը ներկա են եղել պոլսահայ համայնքի ընտրանու ներկայացուցիչներ՝ ԱԶԿ կուսակցության Ստամբուլի երեսփոխան, դոցենտ Սեւան Սվաճըօղլուն, նախագահին կից մշակույթի եւ արվեստի քաղաքականության խորհրդի անդամ Արամ Քուրանը, «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ԷՐՎԱՊ-ի ատենադպիր Լեւոն Քուզիկօղլուն, Պեզճյան, Կեդրոնական եւ Սահակյան-Նունյան վարժարանների տնօրեններ Գլոդիա Տեմիրը, Սիլվա Գույումճյան-Մարկոսյանը եւ Ալին Յույջելը, նախկին պատգամավոր Սելինա Դողանը եւ Կոթողյան ընտանիքի անդամները՝ այրին՝ Սյուզան Կոթողյանը եւ քույրը՝ Հռիփսիմե Կոթողյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ  «Ֆեներբահչե» մարզակումբի ներկայացուցիչները, քանի որ, ինչպես տեղեկանում ենք, պրոֆեսոր Կոթողյանը հայտնի էր որպես ակումբի ջերմ երկրպագու:

Բացման խոսքով հանդես է եկել պրոֆեսոր Զեքայի Քութլուբայը, որը ներկայացրել է Կոթողյանի կենսագրությունն ու անձնական հուշերը նրա մասին: Իրենց սրտի խոսքն են ասել նաեւ Էմին Քյոսեն եւ Սեւան Սվաճըօղլուն:

Պատրիարք Հայրն իր օրհնության խոսքում ընդգծել է Կոթողյանի օրինակելի կերպարը՝ նշելով, որ նա ոչ միայն հմուտ բժիշկ էր, այլեւ մարդասեր բարեկամ իր բոլոր խնամյալների համար:

Հուզիչ ելույթ է ունեցել Սյուզան Կոթողյանը՝ շնորհակալություն հայտնելով երախտագիտության այս քայլի համար: Նա նշել է, որ ամուսինն իր ողջ կյանքը նույնացրել է այս ամբիոնի հետ՝ կրթելով սերունդներ, որոնք այսօր արդեն ճանաչված դասախոսներ են:

 

Փառքի եւ փորձությունների ուղին

Հակոբ Կոթողյանը (1939-2018), որն ավելի հայտնի էր «Քոլսուզ Ակոբ» (Անթեւ Հակոբ) անվամբ, Թուրքիայի բժշկության պատմության մեջ մնաց որպես բացառիկ լեգենդ: Մանկության տարիներին դժբախտ պատահարի հետեւանքով կորցնելով աջ ձեռքը՝ նա կարողացել է միայն ձախ ձեռքով աշխատելով դառնալ Թուրքիայի թիվ մեկ մաշկաբանը:

Սակայն անվանի բժշկի կյանքը զերծ չի եղել նաեւ ծանր փորձություններից: 2016 թվականի մարտի 15-ին Կոթողյանների ընտանիքը դարձել էր դաժան հարձակման թիրախ: Անհայտ անձինք ներխուժել էին նրանց տուն, կապկպել Սյուզան Կոթողյանին եւ, կտտանքների ենթարկելով, պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Հանցագործները հափշտակել էին 1,5 միլիոն լիրա (շուրջ 540 հազար դոլար): Այդ ժամանակ 77-ամյա բժիշկը սարսափելի լուրն իմացել էր աշխատանքի վայրում եւ շտապել հիվանդանոց՝ կնոջ մոտ:

Չնայած նման դժվարություններին՝ պրոֆեսոր Կոթողյանը մինչեւ կյանքի վերջ հավատարիմ մնաց իր կոչմանը եւ հայրենի քաղաքին:

Ջերահփաշա հիվանդանոցում նրա բազմամյա գործունեությունը մեծ հեղինակություն է բերել հայ համայնքին, իսկ նա ինքը 2015 թվականին ճանաչվել էր Թուրքիայի ամենաբարձր հարկ վճարող մասնագետներից մեկը: