«Երեխէք ջան, բարի երեկոյ, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պէտք է հաւաքուենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է»։ Այս մասին կը լսուի ձայնագրութեան մէջ, որ հրապարակած է «Միասնութեան թեւեր» կուսակցութեան վարչապետի թեկնածու Արման Թաթոյեանն ասուլիսի ընթացքին։
Թաթոյեանը նշած է, որ այստեղ բացայայտ կ՚երեւի, թէ ինչպէս կը պարտադրեն ուսանողներուն մասնակցիլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացութեան նախընտրական քարոզարշաւին։
Ան նշած է, որ խօսքը կը վերաբերի Արմաւիրի տարածաշրջանային պետական քոլեճին։ Նշենք, որ քարոզարշաւի շրջածիրէն ներս երէկ Նիկոլ Փաշինեանը Արմաւիրի մարզի մէջ էր։
Ձայնագրութեան մէջ կը լսուի. «Երեխէք ջան, բարի երեկոյ, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պէտք է հաւաքուենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։
Հասկանում եմ գիւղերից եկողներ ունենք, խնդիր չկայ, մի քանի հոգու բացակայութիւնը ոչինչ, բայց ովքեր ունեն հնարաւորութիւն գալու, յատկապէս քաղաքի բնակիչները, ես էլ եմ գալու, խնդրում եմ՝ ժամը 5-ին հրապարակում։ Ինձ յանձարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ յանձնարարարում։ Այնպէս չլինի, որ գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ ոչ մէկ չկայ իմ երկու խմբից։ Ես պէտք է իմ տնօրինութեան երեսը պարզ պահեմ, դուք էլ՝ իմ։
Յանձնարարուած է նաեւ, որ մաքսիմալ շատ լինէք»։
Ուսանողներն ըսած են՝ գիտեն՝ Նիկոլ Փաշինեանը պիտի գայ Արմաւիր։
«Ես էլ շատ բան գիտեմ, եկէք չքաղաքականացնենք, աւելորդ ոչինչ չգրենք։ Ասուել է՝ գնում ենք հրապարակ, եղա՞ւ։
Ժամը 5-ին հրապարակում։ Ինչքան դժուար ընկալեցիք այն, ինչ ասացի։ Ասացի մի քաղաքականացրէք, աւելորդ բաներ մի գրէք, իմ ու ձեր քննարկելիքը չէ»,-ըսած է դասախօսն՝ ի պատասխան ուսանողներու արձագանգներուն։